Վրացի միլիոնատեր Լեվան Վասաձեն, ով հայտնի է իր ռուսամետ հայտարարություններով, որոշել է մտնել քաղաքականություն և հիմնել է «Միասնություն, էություն, հույս» հասարակական շարժումը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները և ԵՄ-ն հասել են Վրաստանում քաղաքական ճգնաժամի լուծմանը: Եվրամիությունը վճարել է Սահակաշվիլու կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ազատության դիմաց գրավը։


Ուկրաինայի և Վրաստանի ներգրավումը ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրին դառնում է ավելի հավանական։ Ռուսաստանը չի կարող անտարբեր վերաբերվել այդ ամենին։ Ընդ որում, Վրաստանը փորձում է Ռուսաստանից պաշտպանվել Թուրքիայի օգնությամբ։


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Վրաստան, սակայն օրը դեռ համաձայնեցված չէ, հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմի Ջերեն Յազգանը։ Ավելի վաղ Թուրքիայի դեսպանը զարմացել էր հակաթուրքական բողոքներից Վրաստանում, որտեղ թուրքական ընկերությանը թույլ չեն տալիս Ռիոնի գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցել:

Վրաստանում վերջին շրջանում սրվել է նաեւ թուրքական բեռնատարների տարանցման հետ կապված խնդիրը: Մի քանի շաբաթվա ընթացքում շուրջ 4 հազար թուրքական բեռնատար չեն կարողացել հատել ռուս-վրացական սահմանը։ Վլադիկավկազի մաքսակետում բեռնատարների հերթը ձգվում էր մոտ 75 կմ: Նմանատիպ իրավիճակ է նկատվել նաև թուրք-վրացական սահմանին:

Վարչապետ Գեորգի Ղարիբաշվիլին փորձում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Վերջերս նա այցելել էր Բաքու և Դավիթ Գարեջի վանական համալիրի հարցի լուծման հույս հայտնել: Փորձագետներն ասում են, որ վանքի «գինը» Արցախյան պատերազմի ժամանակ Թբիլիսիի աջակցությունն էր Բաքվին:

Թուրքիայի օգնությամբ Ռուսաստանից փրկվելու, Ռուսաստանի օգնությամբ Թուրքիայի էքսպանսիան կասեցնելու փորձերը կարող են բերել Վրաստանի «սիրիացման»։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/09/640534/