Դեռևս օգոստոսի 1-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, որպեսզի հաջորդ նիստին իրենց ոլորտներում տնտեսական աճի վերլուծություն իրականացնեն և ներկայացնեն կառավարությանը:
Սակայն հանձնարարություն տվողն ինքը չի հետևում ընթացքին: Այդ հայտարարությունից հետո ՀՀ կառավարությունը երեկ արդեն 2-րդ նիստն անցկացրեց, բայց դարձյալ նախարարները լռում էին. երկրում աճ չկա՞, թե՞ կառավարությունը տեղում չէ:
«Ժողովուրդ»- օրաթերթը այս հարցերի պատասխանը նախ փորձել է պարզել նախարարներից: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, թե «աշխատանքները ընթացքի մեջ են, կներկայացվի կոմիտեի քննարկմանը, այնուհետև՝ կառավարություն»: Իսկ կառավարության լրատվության վարչության ղեկավար Սուսաննա Տոնոյանն ասել է, թե «նախարարները տնտեսական ցուցանիշները կներկայացնեն, երբ վարչապետը վերադառնա արձակուրդից»: