Թուրքերը դուրս կգան, թե դուրս չեն գա Հայաստանի տարածքից, Մուրադովը արդյունքի հասավ բանակցություններում, թե ոչ, թուրքերի քարտեզները կեղծված են, թե ոչ, ՀԱՊԿ-ը կմիջամտի, թե ոչ. Հայաստանում սովորաբար ընկնում են «դետալների» հետեւից՝ ընդհանուր պատկերը չտեսնելով կամ չտեսնելու տալով: Իսկ Մոսկվան Բաքվի հետ շարունակում է Լավրովի պլանի ընդլայնված կիրառումը Հայաստանում, տվյալ դեպքում Սյունիքի մարզի օտարումը, Բաքվի զինված նախաձեռնությունները խրախուսելով:


Մոսկվայից ի պատասխան պայմանագրային պարտավորությունների կատարման արդեն հայտարարել են, որ «օգնությունը» Հայաստանին պայմանավորված է Բաքվի համաձայնության հետ, եւ դա չի լինելու այն «օգնությունը», որը պատկերացնում են Հայաստանում:


Լավրովն այսօր հայտնել է, որ ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները Հայաստանի խնդրանքով քննարկել են իրավիճակը Սյունիքի մարզում։ «Երեկ կազմակերպված հանդիպմանը մենք քննարկել ենք մեր հայ գործընկերների խնդրանքը։ Այդ խնդրանքին համապատասխան՝ մենք քննարկել ենք իրավիճակը Երևանի ու Բաքվի հարաբերություններում», ասել է Լավրովը։


Նկատենք՝ ի տարբերություն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի հայտարարությունների՝ Ռուսաստանը չի համարում, որ կա սահմանի խախտում, այլ կան վատ հարաբերություններ եւ սահմանի բացակայություն: Ըստ այդմ, որեւէ հարց Բաքվի կամ Մոսկվայի հետ ներկայացվել եւ ներկայացվելու է Երեւանի հետ Մոսկվայի վատ հարաբերությունների եւ «եռակողմ հայտարարության անվերապահ կատարման» լույսի ներքո: Սա Երեւանի հանդեպ թշնամական քաղաքականության դրսեւորում է:

Դառնալով սահմաններին, Լավրովն ավելի վաղ հայտնել էր, որ պետք է լինի սահմանազատում, եւ պատրաստ են տրամադրել քարտեզագրական նյութեր: Դժվար չէ ենթադրել, թե ինչ քարտեզներ են դրանք լինելու, նկատի առնելով Լավրովի պլանի ընդլայնված կիրառման նպատակները: Դա Հայաստանի տարածքը «անվտանգության միջանցքներով» մասնատելն է եւ ինքնիշխանության վերացումը: Թուրքերի ներխուժման ուղղությունները համընկնում են այդ «միջանցքներին»: Այս տրամաբանությամբ ՀԱՊԿ-ը կարող է եւ միջամտել՝ Հայաստանի սահմանները «ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն համապատասխանեցնելու» ՀՀ վարչապետի հույսը փարատելու եւ «միջանցքների անվտանգությունն ապահովելու» նպատակով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում