Պուտին-Ալիեւ երեկվա զրույցը եւ սահմանների դեմարկացիայի վերաբերյալ եռակողմ հայտարարության հրապարակված փաստաթուղթը վկայում են Հայաստանի դեմ գրոհը սաստկացնելու եւ գործընթացն արագացնելու Կրեմլի մտադրությունը: Սահմանների դեմարկացիան չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ներկայում տեղի ունեցողը Լավրովի պլանի ընդլայնված կիրառումն է Հայաստանը «անվտանգության միջանցքներով» մասնատելու եւ ինքնիշխանությունը վերացնելու համար: Հայաստանի տարածք Մոսկվայի խրախուսանքով Բաքվի ներխուժումները ճշգրիտ համընկնում են այդ միջանցքներին:


Դեմարկացիան Մոսկվայից պարտադրվում է Բաքվի զինված նախաձեռնություններով եւ անկանոն պատերազմի այլ մեթոդներով, որոնք սաստկացել են Լավրովի Երեւան եւ Բաքու հայտնի այցերից հետո: Մոսկվան Բաքվին երաշխիքներ տվեց Հայաստանի կողմից զինված դիմադրության բացառման եւ սահմանների հարցը լուծելու վերաբերյալ: Ընդ որում, Պուտինի մակարդակով հայտարարվեց, որ Հայաստանի սահման չկա, եւ որ այն գծելու են Բաքվի հետ միասին:


Մոսկվան արագացնում է Լավրովի պլանի ընդլայնված կիրառումը միջազգային արձագանքներից հետո, երբ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան՝ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամները, ինչպես նաեւ ռեգիոնալ տերություններ Իրանը եւ Հնդկաստանը հայտարարեցին Հայաստանի ինքնիշխանության եւ ամբողջականության աջակցության մասին: Իրանը ավելի հեռուն գնաց եւ բացահայտեց Հայաստանի հարավի զավթման ծրագրերի մասին, հայտարարելով, որ իրենց համար անընդունելի է նոր հարեւանն իրենց սահմանին:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը Մինսկի խմբում լեգիտիմացնելու Մոսկվայի փորձերը ձախողվեցին: Նույնն է նաեւ «միջանցքների պարագան»: Ռուսաստանի գործողություններն այսպիսով հայտարարվում են անօրինական, իսկ ավելի պարզ՝ ագրեսիա Հայաստանի դեմ: Ճիշտ է՝ առայժմ միջազգային հայտարարություններում հնչում է «Ադրբեջան» հասկացությունը, սակայն բոլորն էլ հասկանում են, որ Մոսկվան իր պլաններն իրականացնում է Բաքվի ձեռքով, եւ ինչ որ պահի կարող է այս մասին հայտարարվել ուղիղ:

Միջազգային մերժման պայմաններում, երբ Արցախի խնդրի «կարգավորումը» եւ Հայաստանի սահմանների փոփոխության հարցը «կոնսենսուս» չեն գտնում, մնում է եռակողմ ու երկկողմ պայմանագրերով դրա «լեգիտիմացման» փորձը, ինչն էլ պարտադրվում է Հայաստանին:

Ի՞նչ է անում Հայաստանը: Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, թե Հայաստանի տարածքի դեմ ոտնձգությունների պարագայում դեմարկացիա չի կարող լինել, եւ Հայաստանը չի բանակցում «միջանցքային տրամաբանությամբ»: Նույն շեշտադրումներով հայտարարություն տարածեց ՀՀ ԱԽ քարտուղարը, ասելով, որ ռուսական կողմից ստացվել է դեմարկացիա սկսելու առաջարկություն:

Ֆրանսիան Հայաստանին առաջարկել է հարցը տեղափոխել ՄԱԿ ԱԽ: Ռուսաստանը մեծացնում է ճնշումը դա թույլ չտալու համար, ըստ տեղեկությունների՝ այդ թվում ռազմական ներխուժման սպառնալիքով Հայաստանի հարավում: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ մեխանիզմները գործադրելու համար, ինչը մի կողմից նույնպես խնդիր է Ռուսաստանի համար՝ պայմանագրային պարտավորությունները որպես այդպիսին չեն կարող կատարվել, մյուս կողմից ՀԱՊԿ-ը կարող է կիրառվել հենց Հայաստանի դեմ վերոհիշյալ պլանի համատեքստում:

Դիմադրություն է պետք այս պլաններին, եւ այն արդեն ձեւավորվում ու ընդլայնվում է: Հայաստանի կառավարության անողնաշար դիրքորոշումներն ու քաղաքական դասի ռուսական հատվածի պահվածքը միայն արագացնում են Հայաստանի վերացման ընթացքը: Ռուսաստանն արդեն իր դեմքով է գործում, ինչ որ պահի դա պետք է տեղի ունենար, եւ կանգ չի առնելու:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/20/642980/