Անգամ արտահերթ ընտրությունների հայտարարումը չօգնեց Նիկոլ Փաշինյանին ազատվել պարտադրվող որոշումների կատարումից ու ու միաժամանակ ապահովել սեփական անվտանգությունը։


Կառավարության նիստին Փաշինյանը հայտարարել է, որ մտադիր է ստորագրել փաստաթուղթ, որը «100 տոկոսով բխում է հայկական շահերից»։ Միայն այն փաստը, որ փաստաթղթի ստորագրումը կոշտ արագացվում է ռուս-թուրքական շանտաժի ու սպառնալիքների տակ, վկայում է, որ այն չի կարող համապատասխանել հայկական շահերին։ Հետաքրքիր է՝ ի՞նչ է հասկանում Փաշինյանը հայկական շահ ասելով, ի՞նչ սահմաններ, դեր տարածաշրջանում ու աշխարհակարգում։

Եթե խոսքը դեմարկացիայի եւ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին է, այն ուղղված է Արցախի խնդիրը վերջնականապես փակելուն, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի չեզոքացմանը, Հայաստանի «արցախացմանը» եւ ռուս-թուրքական «նոր կարգի հաստատմանը»։

Եթե իրագործվի Մոսկվա-Բաքու պայմանավորվածությամբ «դեմարկացիան» անգամ առանց «միջանցքների», կվերանա Հայաստանի ու Արցախի միջեւ կապը։ Առանց այդ էլ խոցելի Շուշի-Գորիս ճանապարհը կդառնա Ադրբեջանի «ներքին ճանապարհ»։

Նիկոլ Փաշինյանը, որն արդեն ստորագրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, այսօր հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթը: Դա ավարտին կհասցնի Հայաստանի ռուս-թուրքական վերաձեւումն ու ինքնիշխանության վերացման գործընթացը։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/20/643096/