ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի՝ սոցցանցերում հայտնված հայտարարության ենթադրյալ տեքստը սահմանազատման մասին, կոչ է արել զուսպ վերաբերվել նման «պատահական հրապարակումներին» եւ կողմնորոշվել պաշտոնական աղբյուրներով, քանի որ դա փուխր սուբստանց է, եւ շատ լուրջ ջանքեր են գործադրվում իրավիճակի կարգավորման համար։


Այսօր Կրեմլի գործակալ Ալիեւը հայտարարել է, որ պատրաստ են բացահայտ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե Հայաստանն իր հերթին ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նա ասել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է, եւ հայերը պետք է հրաժարվեն Ղարաբաղի կարգավիճակից։


Կրեմլի ու նրա գործակալի խոսքերից ստացվում է, որ ոչ մի փաստաթուղթ չկա՞։ Այդ դեպքում ինչի՞ գոյությունն էր հաստատում եռյակի մյուս անդամը՝ Նիկոլ Փաշինյանը, ասելով, թե այն 100 տոկոսով համընկնում է Հայաստանի շահին, եւ ինքը ստորագրելու է այն։


Երեւում է Պուտինն ու Ալիեւը որոշել են դադար տալ՝ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը «երկբեւեռ» ընտրությամբ ապահովելու համար։ Մյուս կողմից, վերջին իրադարձությունների ժամանակագրությունը բավական հետաքրքիր պատկեր է բացում․ Նախիջեւանից Ալիեւի հիստերիային հետեւեցին Լավրովի ու Պուտինի նույնքան հիստերիկ հավաստիացումները Բաքվին, որ կբացառեն հայկական զինված բաղադրիչը եւ կլուծեն սահմանների հարցերը։ Հայաստանի տարածք Բաքվի զինված ներխուժումներին եւ ՀԱՊԿ-ի կապիկություններին էլ հետեւեց փաստաթղթի հրապարակումը։

Մոսկվան ու Բաքուն ակնհայտորեն շտապում են, համաշխարհային հիմնական խաղացողների կողմից դիրքորոշումների կոշտացման, Հայաստանի իրավունքներին աջակցության եւ խնդիրները միջազգային ատյաններ՝ ՄԱԿ ԱԽ, Մինսկի խումբ տեղափոխելու պահանջների ֆոնին։ Եռակողմ «կարգավորումը» մերժվում է, այդ թվում Ռուսաստանի ինքնահռչակ մանդատը։ Պուտինի ու Ալիեւի հույսը Փաշինյանն է՝ «դեմարկացիան» իրականացնելու՝ Ղարաբաղի հարցը փակելու եւ Հայաստանի ինքնիշխանությունը չեզոքացնելու համար։

Խնդիրը սակայն միայն սահմանագծումը չէ, այլ շատ ավելի վտանգավոր մի գործընթաց, որին կանդրադառնանք առաջիկայում։ Դա կարծես գիտակցվում է, եւ երրորդ եռակողմին Հայաստանից նույնպես աննախադեպ համարժեք ու կտրուկ արձագանքներ հնչեցին՝ այն չընդունելու հաստատակամությամբ, ընդ որում՝ նաեւ քաղաքական դաշտի ռուսական հատվածից, ինչը կարող է վտանգի տակ դնել «երկբեւեռ ընտրության» մոսկովյան սցենարը։ Ռուսաստանի թշնամական քաղաքականությունն արդեն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ տեղական ագենտուրան արդեն այդ երկրի անունը չի տալիս։ Ռուսաստանի մասին կամ լավը, կամ ոչինչ, այս դեպքում՝ ոչինչ։ Տրամաբանական վախճան։

Կրեմլի գործակալի հիստերիային Մոսկվայում ու Բաքվում ակնհայտորեն հետեւում են քաոսն ու խուճապը։ Սուբստանցն իսկապես փխրուն է՝ Հայաստանի դեմ ագրեսիայի ներքին ու միջազգային լուրջ դիմադրության պարագային։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/21/643553/