Պաղեստինի և Իսրայելի զինված դիմակայության զոհն է դարձել 277 խաղաղ պաղեստինցի։ Նման տվյալներ է հրապարակել Պաղեստինի առողջապահության նախարար Մեյ Կայլեն, գրում է WAFA-ն։


«Իսրայելի բարբարոսական ագրեսիան Արևելյան Երուսաղեմի, Արևմտյան ափի և Գազայի հատվածի բնակիչների դեմ վերջին շաբաթներին 277 քաղաքացիական անձանց մահվան պատճառ է դարձել, այդ թվում՝ 70 երեխայի և 40 կնոջ, տուժել է 8500 մարդ»,-վերջնական տվյալներն է ներկայացրել նախարարը։

Իսրայելական բանակի հարվածներից բժշկական կենտրոններ են վնասվել։ Դրա հետևանքով Գազայի հատվածում 2 բժիշկ է զոհվել։ Բուժաշխատողների շրջանում կան վիրավորներ։

Ավել վաղ Գազայի հատվածում հաշվել էին Իսրայելի հարվածներից պատճառված վնասը՝ 150 մլն դոլար։ Անկլավում լիովին ավերվել է 2000 տուն, ևս ավելի քան 15 հազարը՝ վնասվել։

Միևնույն ժամանակ Իսրայելում Գազայից արձակված հրթիռներից պատճառված վնասը գնահատվել է 77 մլն դոլար։ ՀԱՄԱՍ-ի հարձակումներից առավելապես տուժել է Աշկելոն քաղաքը։