«Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին։ Եվ այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններով, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին», հինգշաբթի կառավարության նիստին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։
Համացանցում հայտնված եռակողմ հայտարարության փաստաթուղթը սահմանների տեղորոշման ու սահմանագծման աշխատանքը սկսելու վերաբերյալ մեծ աղմուկ ու իրարանցում առաջացրեց։ Հայաստանում աննախադեպ արձագանք եղավ այդ թուղթը չընդունելու եւ Փաշինյանի ստորագրության ու այդ փաստաթղթի հակասահմանադրականության մասին։ Բաքվի ղեկավարը հայտարարեց, թե սահմանազատման աշխատանքները սկսելու համար Հայաստանը պետք է Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս։
Հայաստանի շահերի աջակցությամբ կոշտ հայտարարություններ արեցին համաշխարհային ուժային հիմնական կենտրոնները։
Կրեմլի արձագանքը չուշացավ՝ ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը կոչ արեց զուսպ վերաբերվել «պատահական հրապարակումներին»։ Դա նման էր շփոթի, բայց առավել՝ խուճապի։ Ժամանակավոր ուրվական դարձած հայտարարությունը, որ պիտի ստորագրեր ոչ ուրվական Փաշինյանը, ըստ վերջինիս՝ 100 տոկոսով բխում եր Հայաստանի շահերից: Փաշինյանը Հռոմի պապից ավելի կաթոլիկ էր դառնում, եւ Կրեմլից հերթական «սլիվն արեցին»։
Սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ այս հայտարարությունը նոյեմբեր 9-ի հայտարարության մասն էր, սակայն այն ժամանակ չհամարձակվեցին դա հաստատել։ Սա երկրորդ փորձն էր։
Դելիմիտացիայի ու դեմարկացիայի, հաղորդակցությունների բացման քողի տակ իրականացվող Լավրովի ընդլայնված ծրագրին անդրադարձել ենք։ Առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնանք դրան։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/05/23/643736/