Գեղարքունիքի մարզում Վերին Շորժայի սահմանային հատվածում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով սպանվել է հայկական զինուժի պայմանագրային զինծառայող, ըստ էության հերթականն է հայ-ադրբեջանական երկարատև հակամարտության պատմության մեջ, բայց առանցքային է նոր իրավիճակում, որ ձևավորվել է 44-օրյա պատերազմի հետևանքով: Բացարձակապես այլ է այդ միջադեպի աշխարհաքաղաքական համատեքստը, ըստ այդմ պետք է այլ լինի դրան արձագանքի բովանդակությունը: Եթե Հայաստանը չխորհի այլ բովանդակության մասին և չանի նոր իրողությանը համարժեք քայլեր, ապա դա լինելու է երկարաժամկետ հեռանկարում խորքային և լայն նահանջի նախաբան, որ կպարտադրվի Հայաստանին: Նոր իրավիճակի հիմնարար առանձնահատկությունն այն է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով փլուզվել է Հայաստանի Հանրապետության անվտանգային ամբողջ համակարգը: Այդ հանգամանքի չափումը ռազմա-տեխնիկական կարողությունները կամ պաշտպանական կառուցվածքը, բնագծային ինժեներական համալիրը չէ, որպեսզի հերքվի ամբողջական փլուզման հանգամանքը:
Անվտանգային համակարգը ռազմա-քաղաքական այն համալիրն է, որի շրջանակներում են նաև անվտանգային երաշխիքների արտաքին բաղադրիչները, ինչպես օրինակ հայ-ռուսական փոխօգնության պայմանագիրը, ՀԱՊԿ, Եվրասիական տնտեսական միություն՝ որոշակիորեն, որպես դաշնակցային հավելյալ շրջանակ և տնտեսա-քաղաքական շահերի գոտի: Փլուզվել է այդ ամենը, 44-օրյա պատերազմը քանդել է, ի չիք է դարձրել այդ ամբողջ համակարգը, հատկապես հաշվի առնելով և այն, որ ինքնին այդ համակարգը փլուզված կամ բուտաֆորիկ է եղել մինչ այդ էլ, այլախպես պատերազմը տեղի չէր ունենա նվազագույնը այդ մասշտաբով: Պարզապես, եթե պատերազմից առաջ կար թեկուզ բուտաֆորիկ գոյության վրա եղած որոշակի ընկալումների համակարգ, թեկուզ փոքր ազդեցության աստիճանով, ապա այժմ չկա նաև այդ համակարգը: Դա չի նշանակում, որ չկա ՌԴ դեր, չկա ՀԱՊԿ դեր կամ մեխանիզմ ընդհանրապես, չկա ԵՏՄ տնտեսա-քաղաքական շահ և այլն: Այդ ամենը կան, բայց գործում են միմյանցից առանձին և գլխավորը՝ Հայաստանից առանձին և անկախ: Այդ ամենը հավաքելու փորձը բացարձակ անիմաստ է: Այդ ամենից միանգամից հրաժարվելը ևս: Իմաստավորված է թերևս այդ ամենը անվտանգային ավելի լայն, ավելի ընդգրկուն կոնցեպտի մեջ տեղավորելու խնդիրը, որը պետք է լուծվի Հայաստանի անվտանգային համակարգի ոչ թե վերականգնման, այլ նոր համակարգի կառուցման ռազմավարության շրջանակում: Իսկ այդ շրջանակը պետք է լինի շատ ավելի ընդգրկուն, քան Ռուսաստան, ՀԱՊԿ ու ԵՏՄ: Այդ պատճառով է նաև էական, որ Հայաստանը առնվազն Գեղարքունիքի միջադեպից հետո, առնվազն քաղաքական շարժի մակարդակում թեքվի դեպի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, ոչ կտրուկ, սակայն նկատելի շարժումով, հատկապես Բայդեն-Պուտին հանդիպման մասին պայմանավորվածության ֆոնին, որի ժամկետն ու վայրը նշել են Վաշինգտոնն ու Մոսկվան՝ հունիսի 16, Ժնև: