Այսօր լուր տարածվեց, որ ՀՀ սահմանից պաշտոնական մեկնաբանությամբ գերեվարվել են հայ զինվորներ, սակայն Հայաստանի սահմանից դա չենք կարող անվանել գերեվարում, դա առեւանգում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները պատշաճ գնահատական չեն հասցնում եւ իրերն իրենց անունով չեն կոչում: Ես կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին անպայման եւ պարտադիր կերպով հստակ գնահատական եւ հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողություններին:


Մեր հանրության շրջանում եւ մեր բոլորի մոտ կա ակնկալիք, որպեսի ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին: Այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների եւ էսկալացիաների: Կարծում եմ՝ հետագա լարումներից ու բախումներից խուսափելու համար այն անվտանգային համակարգը, որին մաս է կազմում Հայաստանը, այն միջազգային գործընկերները, որոնց անհանգստացնում է Հարավային Կովկասում նման անթույլատրելի գործողություններն ու զարգացումները, ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխան պետության նկատմամբ, պետք է հստակ գնահատական ստանա»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող. ՊՆ