Հայ զինծառայողները գերեվարվել են Հայաստանի տարած ապօրինի ներխուժած ադրբեջանական երկու ստորաբաժանումների միավորվելու փորձը չեզոքացնելու ընթացքում: Այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանը:
Գեներալն արձանագրեց, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական, շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը: Մայիսի 12-ից արեւելյան եւ հյուսիսարեւելյան սահմաններում օպերատիվ-մարտավարական իրավիճակը փոփոխությունների է ենթարկվել՝ պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ստորաբաժանումների անօրինական ներխուժման հետ:
Գեներալի գնահատմամբ՝ ընդհանուր իրավիճակը համեմատաբար լարված է: Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններով սադրանքներ իրականացնել՝ հայկական կողմին ստիպել կատարել իրենց թելադրած գործողությունները: Մերոնք հակամիջոցներ են ձեռնարկում ադրբեջանցիներին վտարելու համար:
Իրավիճակը լարված է Սեւլիճ-Վերինշեն (Սիսիան-Գորիս) հատվածներում եւ գիշերը լարվածությունը սրվել է Կութ-Նորաբակ (Դամիրդաղ-Կութ Նորաբակ) հատվածում: Լարվածության գագաթնակետը առավոտյան ժամը 5-ին է եղել:
«Մենք արձանագրել ենք, որ նրանց ստորաբաժանումները 2 ուղղություններով՝ 1,5 կմ եւ 2,5 կմ խորությամբ Հայաստանի տարածքում առաջանալով, փորձել են միավորվել՝ իրենց համար առավել բարենպաստ իրավիճակ ստեղծելու համար: Որոշվել է հիմնել 1 նոր անցակետ, որը կխափաներ նրանց գործողությունները: Այս գործողությունների ընթացքում հակառակորդը օդային հետախուզության միջոցով բացահայտել է մեր գործողությունները, շրջապատել եւ գերեվարել 6 զինծառայողի»,- տեղեկացրեց Էդուարդ Ասրյանը:
Չսպասելով հարցերին` գեներալն ասաց, որ զինվորականները պատասխան կրակ չեն բացել, քանի որ 16 օր շարունակ երկրի ղեկավարությունը փորձում է դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը` առանց զենք օգտագործելու: «Արդեն եղել են դեպքեր, երբ մեր զինվորականները ձեռնամարտի են դուրս եկել թշնամու հետ` չնայած երկու կողմն էլ իրենց մոտ ծառայողական զենք են ունեցել»,- նշեց գեներալը:
Շարունակելով պատմությունը` Ասրյանն ասաց, որ առաջադրանքն իրականացրել է չորս զինծառայող: Երբ ադրբեջանցիները հայտնվել են, երկու զինվորական, ովքեր անմիջական մասնակցություն չունեին առաջադրանքի կատարմանը, մոտեցել են բանակցություն վարելու` կարծելով, որ ինչպես նախորդ դեպքերում, իրավիճակը տեղում կկարգավորվի: Սակայն, օգտվելով թվային գերազանցությունից, թշնամին զինաթափել եւ գերեվարել է հայ բոլոր վեց զինվորականներին:
Հայկական կողմը թշնամուն մեկ ժամ է տվեկ գերիներին վերադարձնելու համար: Դեռ վերջնաժամկետի լրանալուց առաջ Արցախում ռուս խաղաղապահների շտաբը տեղեկություն ստացավ, որ Բաքվում քննարկվում է գերիների վերադարձի հարցը: Թշնամին առաջ քաշեց զորքերի դուրս բերման պայմանները: Հայկական կողմը, որպես առաջնահերթ խնդիր, պնդում է, որ գերիները պետք է վերադարձվեն: Մյուս հարցերը կարող են քննարկվել միայն դրանից հետո: Թե ինչու, ինչ տրամաբանությամբ Հայաստանը կարող է համաձայնել զորքերի դուրսբերմանը սեփական տարածքից, ըստ երեւույթին, պարզ չէ նույնիսկ Գլխավոր շտաբի համար: Նշենք, որ հայ զինվորականները գերեվարվել էին պետական սահմանից 800 մետր հեռավորության վրա: Այսինքն` ոչ թե ադրբեջանցիներն են ձերբակալվել, ովքեր ապօրինի գտնվում են սահմանից գրեթե մեկ կիլոմետր հեռավորության վրա, սահմանն ապօրինի կերպով հատելու համար, այլ հայերն են փաստացի առեւանգվել:
Ի պատասխան բազմաթիվ հարցերին, թե ինչպե՞ս է ստացվում, որ հայ զինվորականները զենք չեն կիրառում, եղե՞լ է արդյոք հրազեն կիրառելու հրաման, գեներալը պատասխանեց, որ հայկական կողմը փորձում է հարցը լուծել առանց բռնի մեթոդների դիմելու: Եվ, այնուամենայնիվ, Ասրյանը հայտարարեց, որ ինքը, որպես երկարամյա ստաժով զինվորական, երբեք նման իրավիճակում չի հայտնվել: «Բայց երբ զենք վերցնելու պահը գա, մենք դա կանենք: Չկասկածեք»,- վստահեցրեց Ասրյանը: