Նիկոլ Փաշինյանը պատրաստ է անել այն, ինչ Ժնեւից հետո մերժեց անել Բաքուն՝ միջազգային մոնիթորինգի հետեւանքով ճանաչել պատերազմի արդյունք 1994 թվականի սահմանը: Վարչապետի պաշտոնակատարը դիմում է Արցախը հանձնելու ռիսկին, նախքան երկրում ռուսանպաստ ռեժիմի հաստատումը: Մոսկվան մեղքը իր վրա է բարդելու, սակայն դա իր անձնական գործը չէ: Կան արդյոք Հայաստանի պետականության կորստի այլընտրանքներ


Երբ 2020 նոյեմբերի 10-ին հանրության զգալի մասը ընդվզեց, վարչախումբը տարածեց ըստ ամենայնի ՌԴ դեսպանատանը կազմած մի հայտարարություն, որի «մեխը» հետեւյալն էր. Եռակողմից հրաժարվելու դեպքում դուք պատրա՞ստ եք հրաժարվել ՀՀ սահմանների անվտանգությունից: Ենթադրվում էր, որ հողերի հանձնումով եւ Արցախի կարգավիճակի անժամկետ առկախումով Եռակողմի հեղինակ Ռուսաստանը երաշխավորում է ՀՀ արեւելյան ընդլայնված սահմանի անձեռնմխելիությունը: Ինչպես եւ սպասվում էր, իրականությունը բոլորովին այլ էր լինելու՝ չկային ոչ ռազմական կարողություններ, ոչ էլ քաղաքական մտադրություն: Ի՞նչ պիտի փոխվի, որպեսզի հնարավոր լինի խուսափել ռուսալեզու, ռուսադավան, անհիշողություն-անպատմություն խղճուկ ռեզերվացիայի եւ օտարի թնդանոթի մսի ճակատագրից։

Իրոք, ի սկզբանե պարզ էր, որ Եռակողմի ստորագրումով առաջացած ՀՀ արեւելյան սահմանի կոնֆիգուրացիան ենթակա չէ հայկական Զինուժի ներկայիս վիճակով պաշտպանելուն: Հասկանալի էր նաեւ, որ եթե սահմանների անվտանգությունը կախման մեջ պիտի դրվի Եռակողմից դուրս գտնվող ռուս-թուրքական նոր պահանջներից, ապա ՀՀ իշխանությունները որեւէ պահի դա պիտի ֆիքսեն եւ փորձեն շրջել «սողացող կապիտուլյացիայի» ընթացքը: Թափանցումներ, սպանություն, հատուկ գործողությամբ գերեվարում՝ ահա կապիտուլյացիայի շուշափելի հանգամանքները: Աշխարհաքաղաքական խաղը փակագծերից դուրս է մնում, մինչդեռ մոտեցել է խաղի մեջ Հայաստանի մտնելու պահը:

Առանց Իսկանդերի ոգով ֆիրմային ակնարկների, պետության կողմից պիտի ասվի, որ Ռուսաստանը՝ Հարավային Կովկասից իր ետքաշման ապահովության նպատակով բռնել է Հայաստանի ինքնիշխանությունը վտանգելու ուղին: Մոսկվան անթաքույց խրախուսում է իր քաղաքակրթական զավակ «ադրբեջանին» աճապարանքով ֆիքսել սեպտեմբերյան պատերազմի արդյունքները նոր Եռակողմի թղթի վրա եւ ընդլայված ընթացքով շարունակել Լավրովյան ծրագրի իրականացումը դեպի ՀՀ խորք: Աշխարհագրական եւ քաղաքական խորք:

Մաքուր տեսքով խուսանավման մարտավարությունը այս պահին արդյունավետ չէ: Անհրաժեշտ է ռազմավարական որոշում: Արցախի ճանաչումը ՀՀ կողմից պետք է զուգորդի քարոզչական եւ դիվանագիտական հայկական հակահարձակմանը եւ իրականացվի ագենտուրային եւ ռազմական արտաքին սաստկացող ճնշումներին հակառակ:

Պավել Դալլաքյան

https://www.lragir.am/2021/05/28/644930/