Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սահմանի իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված պլանը, որից հետո հրաժարական տվեց ԱԳ նախարարի պաշտոնակատարը։ Կապ տեսնո՞ւմ եք ներկայացված պլանի և հրաժարականի միջև։
Ակնհայտ է՝ Հայաստանի վրա լուրջ ճնշումներ կան ինչ-որ փաստաթղթեր ստորագրելու ուղղությամբ, և ԱԳ նախարարն այս առումով լուրջ վտանգներ է տեսնում։ Չնայած Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի առջև դրված է մի փաստաթուղթ, որը հարյուր տոկոսով հայանպաստ է, բայց դա իրականում այնքան էլ հայանպաստ չէ։ Եթե Հայաստանը գնա Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և նաև այդ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելու ուղղությամբ, ապա Արցախի հարցում մենք շատ ծանր վիճակում ենք հայտնվում։ Եվ ըստ էության՝ հետագայում շատ դժվար կլինի ուղղել այդ վիճակը։ Ամենայն հավանականությամբ, հենց այս հարցի հետ կապված ԱԳ նախարարը հրաժարական տվեց։ Չնայած չի բացառվում, որ նաև ստորգետնյա այլ գործընթացներ են տեղի ունենում։ Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հնարավոր է Հայաստանը դիմի ՄԱԿ ԱԽ։ Մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, բայց ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը հերթական անգամ իր անգործունակությունն է ցուցաբերում, և այստեղ էլ հավանաբար ինչ-որ տարաձայնություններ կան վարչապետի և ԱԳ նախարարի միջև։ Իրականում բարդ իրավիճակ է, և Հայաստանի առջև շատ լուրջ մարտահրավերներ են ծառացած, և քանի դեռ վերջնական պաշտոնական պարզաբանում չկա, կդժվարանամ ասել՝ կոնկրետ ինչի համար է հրաժարական տվել։
Իսկ ի՞նչ կարծիք ունեք Փաշինյանի ներկայացրած պլանի վերաբերյալ։
Կարծում եմ՝ դա այնքան էլ վատ գաղափար չէ այս պահի համար։ Եթե խոսքը գնում է ԵԱՀԿ դիտորդների մասին, ապա այդպիսի պայմանավորվածություն մի փոքր այլ տեսքով Հայաստանը և Ադրբեջանը ասել են 2016-ի ապրիլյանից հետո Սանկտ Պետերբուրգում։ Այդ պայմանավորվածությունների համաձայն՝ պետք է ընդլայնվեր նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի դիտորդների թիվը, որոնք պետք է հսկեին՝ որ կողմն է հրադադարը խախտում, որով պետք է հրադադարի ռեժիմի պահպանմանը նպաստեին։ Եթե այդ ուղղությամբ Հայաստանը քայլեր անի և ժամանակավորապես այստեղ գան դիտորդներ, մեր շահից դա բխում է, մինչև որ կողմերը վերջնականապես կլուծեն սահմանային կետերի հարցը, բայց խոսքը չպետք է գնա դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին, դա բոլորովին այլ գործընթաց է։ Պարզապես կողմերը պետք է որոշեն՝ ով որտեղ պետք է կանգնի, և այդ կետերը պետք է որոշվեն, իսկ ԵԱՀԿ դիտորդները մինչ այդ գործընթացը սկսելը պետք է հետևեն, որպեսզի կողմերը չխախտեն հրադադարի ռեժիմը և չանցնեն տարածքները։
Ընդհանրապես երկրի ինքնիշխանության տեսանկյունից վտանգ չկա՞։
Խոսքը խաղաղապահներ կամ զորք բերելու մասին չէ, խոսքը դիտորդների մասին է, և եթե ԵԱՀԿ 200 դիտորդ գա, այստեղ որևէ ինքնիշխանության կորուստ չի կարող լինել։ Սա ժամանակավոր գործընթաց է՝ մինչև կողմերը սահմանային կետերի վերաբերյալ համաձայնության կգան։
Կարծում եք՝ իշխանությունը հասկացավ, որ այլևս հույս չպե՞տք է կապել ՀԱՊԿ-ի հետ։
Կարծում եմ՝ իշխանությունը վաղուց էր հասկացել, պարզապես անիմաստ ճիգեր էր գործադրում։ Նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը մի քանի անգամ փորձեց ՀԱՊԿ-ին ներգրավել, բայց դա տեղի չունեցավ։ Ըստ էության՝ ռուսական կողմը Հայաստանին ասում է՝ չենք միջամտելու և որպեսզի ՀԱՊԿ-ը փրկեն վերջնական վարկաբեկումից՝ ռուսական կողմը Հայաստանին առաջարկում է չկրակել ադրբեջանցի սահմանախախտների ուղղությամբ։
Ռուսաստանը զբաղված է իր և ՀԱՊԿ-ի դեմքը փրկելով, դրա համար հայկական կողմին կոչ է անում չկրակել ադրբեջանցի սահմանախախտների ուղղությամբ։ Բայց սա երկար չի կարող շարունակվել, և եթե Ռուսաստանը ցանկանում է փրկել իր դեմքը, դա չպետք է անի մեր շահերի հաշվին, և տվյալ պահին դիվանագիտական ճանապարհով ճնշումներ պետք է գործադրի Ադրբեջանի վրա, որ վերջինս դուրս գա Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններից։