Բոլոր մեր դիահերձարաններում մենք ունենք պահպանված մասունքներ, դիեր, որոնց մի մասը նույնականացված է և սպասում ենք, որ ծնողները դիերը վերցնեն և հուղարկավորեն, ինչպես որ կարգն է: Այս մասին այսօր` հունիսի 2-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Փոխանցում է News.am-ը:
«Կան նաև ծնողներ, որոնք ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են ԴՆԹ անալիզ հանձնեն, որպեսզի մենք ունենանք ամբողջական տվյալների բազա: Մեր և պատկան մարմինների կողմից մշտապես աշխատանք է տարվում, որպեսզի հարազատները գան և հանձնեն անալիզներ, որ մենք վերջապես ունենանք բոլոր անհետ կորածների ԴՆԹ տվյալների բազան և կարողնանք նույնականացում անենք: Ունենք նաև 50-ի չափ խորը վնասված մասունքներ, որոնք մի քանի փորձաքննություններից հետո նույնիսկ հնարավոր չին եղել նույնականացնել»,- ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ էին դիերը գտնվում անհարգալից վիճակում և բարոյական արժեքներին հակառակ՝ լցված էին սենյակներում, Ավանեսյանը ասել է, որ դրանք պատշաճ վիճակում պահված չեն եղել կոնկրետ այդ կետում:
«Այո, դրանք պատշաճ վիճակում պահված չեն եղել կոնկրետ այդ կետում։ Ծնողները մշտապես այցելել են դատաբժշկական մասնաճյուղեր, այդ կենտրոնների դռները մշտապես բաց են եղել ծնողների առաջ։ Այո, սա մասնավոր, շատ վատ վիճակ է եղել, որը արժանի է ամենախիստ գնահատականին, բայց ընդհանրացնել և մեկ մասնավոր սխալը տարածել ամբողջ համակարգի վրա, ճիշտ չէ։ Սա չպետք է դառնա քաղաքական էժան շահարկման առարկա»,-ասաց նա:
Ավանեսյանը նշեց՝ տեղափոխման գործընթաց է եղել, որի ընթացքում այդ մասնաճյուղի անփութության արդյունքում ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք. «Դա իր գնահատականն արդեն ստացել է։ Մասնաճյուղի ղեկավարը, աշխատակիցները ազատվել են աշխատանքից, ՊՈԱԿ-ի տնօրենը խիստ նկատողություն է։ Կընթանա քննություն և օրենքի շրջանակներում կիրականացվեն բոլոր քայլերը»,- ասել է Ավանեսյանը»
Թե ինչու էին նման պարկերի մեջ դիերը Ավանեսյանը ընդգծեց․ «Կա խիստ ընթացակարգ, թե ինչպես են փաթեթավորվում պատերազմից հետո բերված դիակները։ Դրանք հատուկ նշանակության պարկեր են, որոնք Կարմիր խաչի հետ միասին մշտապես թարմացվել են և որևէ այլ պարկ երբևէ չի օգտագործվել։ Լուսանկարներում առկա պարկերը հենց դիեր պահելու համար են, բա ինչի՞ մեջ պետք է պահվեն»։
Հարցին՝ ի՞նչ ջերմաստիճանում էին լուսանկարներում առկա դիերը պահվում, Ավանեսյանը նշեց, որ քննությունը դա կպարզի և կտրվի իրավական գնահատական։
Հարցին՝ երաշխավորո՞ւմ է, որ արդեն հուղարկավորված զոհված զինծառայողները գտնվել են պատշաճ ուշադրության կենտրոնում, Ավանեսյանը նշեց, որ այս ամբողջ գործընթացը արվել է ամենօրյա խիստ վերահսկողության պայմաններում։