2021-ի մարտին ընդդիմության «սլիվից» հետո Երեւանում ՌԴ դեսպանատան հրահանգավորմամբ խորհրդարանի արտահերթ ընտրության արշավը պաշտոնապես մեկնարկեց։ «Երկբեւեռ ընտրության» մոսկովյան սցենարը ենթադրում է Փաշինյան-ռուսանպաստ ընդդիմություն կազմով նոր խորհրդարան, որը մեծ հավանականությամբ վաղօրոք քվոտավորված է եւ լինելու է նույնքան անպտուղ ու կամազուրկ:
Լավրովի ծրագրի իրականացումը, որը Կրեմլը հռչակել է Ռուսաստանի միակ առաջնահերթությունը Կովկասում, ենթադրում է համապատասխան ներքաղաքական-կառավարման կոնստրուկցիա Հայաստանում, ինչի շնորհիվ ՌԴ-ն Հայաստանի առջեւ չի կրելու որեւէ պատասխանատվություն Լավրովի ծրագրի ընդլայնված իրագործման պարագային։
6 ամիս Փաշինյանին իշխանության էր պահում Հայրենիքի փրկության շարժումը, ապահովելով դեգրադացիան լայն իմաստով, ինչն ուղղված էր հանրային կամքի, ռեւանշի գաղափարի ճնշմանը եւ Լավրովի պլանի անայլընտրանքայնության քարոզին։ Արցախի կարգավիճակ, ինքնիշխանություն եւ նման այլ արտահայտությունները գրեթե իսպառ բացակայում են ռուսանպաստ ուժերի բառապաշարից, ինչը պատահական չէ։ «Արժանապատիվ խաղաղության հասնելու, Արցախում կորուստների անդառնալիության, ԼՂԻՄ-ը բանակցություններով վերականգնելու, Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի խորացնելու» վերաբերյալ անհեթեթություններն ամբողջացնում են իրավիճակը։
Փաշինյան-Քոչարյան-ռուսանպաստ ընդդիմություն մոսկովյան սցենարը Լավրովի պլանի՝ Հայաստանի մասնատման ու ինքնիշխանությունից զրկելու իրագործման երաշխիքն է։ Այդպիսով, Մոսկվան վա բանկ է գնում՝ Հայաստանում հակագաղութային-հակառուսական արմատավորվող տրամադրությունների եւ Հայաստանին միջազգային աջակցության ֆոնին։
Պաշտոնական քարոզարշավը մեկնարկեց, եւ հայ հանրությունը կարող է իր քվեարկությամբ տապալել այդ սցենարը․ ընտրություն կա, կողմնորոշիչներ՝ նույնպես։ Ամենապարզ կողմնորոշիչը Լավրովի պլանի հանդեպ քաղաքական ուժերի դիրքորոշումն է։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/07/646836/