ՆԱՏՕ-ն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հորդորել է զերծ մնալ Դաշինքի արեւելյան թեւում ապակայունացումից։ Այս մասին Welt Am Sonntag-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Ստոլտենբերգն ասել է, որ Բելառուսը «ավելի ու ավելի է կախված» դառնում Ռուսաստանից․ «Դաշնակիցները լրջորեն մտահոգված են վերջին ամիսներին Մոսկվայի ու Մինսկի առավել սերտ համագործակցությամբ»։ ՆԱՏՕ-ի աճող անհանգստության համատեքստում Ստոլտենբերգը նշել է, որ «նախկինում Ռուսաստանը զանգվածային խախտել է տարածքային ամբողջականությունն այնպիսի երկրներում, ինչպիսին են Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան»։


Ստոլտենբերգն այս մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Պուտինն ու Լուկաշենկոն Մոսկվայում երկօրյա բանակցություններ վարեցին անհայտ արդյունքով։ Հրապարակային հաղորդագրությունների բացակայության պայմաններում կարծիքներ են հնչում, որ ցանկացած պահի կարող է հայտարարվել Բելառուսի միացումը Ռուսաստանին։


Հավանաբար, սպառնալիքն իրական է, հակառակ դեպքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այդքան բացահայտ չէր սպառնա «պաշտպանական միջոցներով»։ Կամ էլ Արեւմուտքում համարել են, որ եկել է «խուլիգանություն անող» դիկտատուրաներին վերջ տալու ժամանակը։

«Մենք կուզենայինք ավելի կայուն ու կանխատեսելի հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ Մենք հստակ հասկացնել ենք տվել։ Բայց մենք նաեւ հստակ հասկացնել ենք տվել, որ եթե Ռուսաստանը որոշի ագրեսիվ ու ոչ խելամիտ գործել մեր ու մեր դաշնակիցների ու գործընկերների հանդեպ, մենք պատասխան միջոցներ կձեռնարկենք», – ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինեքնը։

Ռուսաստանի ու Բելառուսի նորմալ փոխգործակցությունը չի մտնում ՆԱՏՕ-ի ծրագրերի մեջ, ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ «Միշտ պետք է միջամտեն մեկ մի կողմի, մեկ մյուսի ներքին գործերին, կամ էլ միաժամանակ մտնեն երկուսի գործերի մեջ, միայն թե թույլ չտան փոխշահավետ ինտեգրացիայի բնական ընթացքը», – Տելեգրամում գրել է Զախարովան։

ՆԱՏՕ-ի, Մեծ յոթնյակի, ԵՄ-ԱՄՆ խորհրդի գագաթնաժողովներից, ինչպես նաեւ հունիսի 16-ին Պուտին-Բայդեն հանդիպումից առաջ արեւմտյան աշխարհը բացում է խաղաքարտերը եւ խոսում «կարմիր գծերի» մասին։ Տվյալ պահին այդպիսի գիծ է Բելառուսի ինքնիշխանությունը։

Հիմա «մարտերը» ընթանում են ոչ միայն «բելառուսական ճակատում»։ Ռուսաստանը սանձազերծել է պատերազմն Արցախում՝ Հայաստանի մասնատման ու ինքնիշխանությունից զրկելու նպատակով։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/07/646963/ 

Դատելով արեւմտյան ժողովրդավարությունների կոշտ տոնայնությունից՝ Պուտինը ստիպված է լինելու նահանջել։ Հայաստանը պետք է ընդունի իր ինքնիշխանությանն աջակցելու արեւմտյան երկրների պատրաստակամությունը։