Նախընտրական քարոզչության նողկալի աղմուկը չի կարող խլացնել այն կարեւոր գործընթացները, որոնք ծավալվում են Հայաստանի շուրջ։
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը, ով ժամանել է Հայաստան, հայտարարել է, որ ԱՄՆ անհանգստացած է իրավիճակի հնարավոր սրմամբ։
«Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի չդեմարկացված հատվածներում ցանկացած շարժ համարում է սադրիչ և ոչ անհրաժեշտ: Մերժում ենք սահմանի դեմարկացիայի համար ուժի կիրառումն ու կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ նախկին դիրքեր, դադարեցնել չդեմարկացված սահմանի ռազմական ամրացումներն ու ականապատումները»,- հայտարարել է Ֆիլիպ Ռիքերը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման:
Իրավիճակ սրման հավանականության մասին խոսում են նաև միջազգային փորձագետները։
Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է հրապարակել, որի մեջ ասված է․ «Ռուս խաղաղապահների ֆորմալացված մանդատի բացակայությունը ստիպում է դիտորդներին կռահել, թե ինչպես են նրանք կգործեն սրացման դեպքում»։ ICG տվյալներով, Մոսկվան փորձում է հստակ մանդատ ապահովել խաղաղապահների համար, սակայն առաջարկված երկու տարբերակները կողմերն արդեն իսկ մերժել են։
Հայաստան դաշինքի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ևս չի բացառում սրացումը։ Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում նա նշում է ««Արդար խաղաղություն չի լինի, եթե Ղարաբաղում ապրող հայերի ինքնորոշման իրավունքը չհարգվի ինչ-որ չափով։ Այսօր սառեցված վիճակ է։ Սառեցված վիճակը կարող է փոխվել, եթե փոխվի ուժերի հարաբերակցությունը, տարածաշրջանային աշխարհքաղաքական դասավորությունը։ Օրինակ, կողմերից մեկը հնարավոր համարի հակամարտությունը վերջնական լուծել իր օգտին, կամ մյուսը ուզենա վերադարձնել կորցրածը»։
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «այսօր ավելի շատ հնարավորություններ կան Ղարաբաղի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար»։
5STOPPED
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արձանագրվել է Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ճշգրտելու համար բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը։ Եվ մենք պատկերացնում ենք, որ այս բոլոր իրադարձություններից հետո «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի իրագործման հնարավորությունները էականորեն մեծացել են։ Եվ մեզ հարկավոր է հետևողական աշխատանք»,- ասել է նա։
Հայաստանյան քաղաքական ուժերի մոտեցումներն ակնհայտորեն անհամարժեք են այն միջազգային կոնյունկտուրային, որը լայն դաշտ է բացում ճեղքման համար։ Բայց դրա համար պետք է կարողանալ դուրս գալ ռուս-թուրքական ճահճից և առաջ քաշել սեփական իրավունքները։ Հակառակ պարագայում միջազգային հանրությունից աջակցություն սպասելը միամտություն է։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/09/647502/