«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Չնայած արդեն չորրորդ օրն է՝ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից 26 ուժերի նախընտրական ծրագրերը ետին պլան են մղվել, եւ դրանք հասարակությանը ներկայացնելու փոխարեն քաղաքական ուժերը զբաղված են իրար վրա ցեխ շպրտելով:

Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է առանձնացնել հարցումների արդյունքում ընտրություններին ավելի ֆավորիտ համարվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների նախընտրական ծրագրերի հենց այն հատվածները, որոնք վերաբերում են անվտանգությանը եւ Արցախի հարցին:


Այսպիսով, ՔՊ-ի նախընտրական ծրագրում կարդում ենք. «Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային եւ զորահավաքային զինծառայության կառուցվածքը: Հեռանկարում Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի զինված ուժերը, կիրականացնեն սահմանապահ զորքերը: Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման եւ Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով»: Հետաքրքիր է, որ բանակի մասին հիշատակումներում կրկին անդրադարձ կա ճաշացանկին. «Ճաշացանկն առանձնանում է ուտեստների բազմազանությամբ՝ ներառելով տարբեր տեսակի տաք ուտեստներ եւ աղցաններ, կաթնամթերք, քաղցրավենիք, թխվածք, միրգ»:

3STOPPED
«Հայաստան» դաշինքը ներկայացրել է «365 օր+». ապագան սկսվում է հիմա» առաջնահերթ գործողությունների ծրագիրը: «Ընդունելու եւ գործադրելու ենք ազգային անվտանգության նոր ռազմավարություն, ռազմական նոր դոկտրին, նոր հայեցակարգեր: Անհապաղ ձեռնամուխ ենք լինելու 44-օրյա պատերազմում գերեվարված բոլոր անձանց վերադարձին, զոհվածների եւ անհետ կորածների տվյալների հստակեցմանը»: Նկատենք՝ ՔՊ-ի ծրագրում գերիների մասին ոչ մի խոսք չկար:

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագիրն ունի «ՅՈ՞ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆ» անվանումը: «Պետք է կիրառել այնպիսի ճկուն համակարգ, որի պայմաններում ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների հարաբերակցությունն ու տեղաբաշխվածությունը կլինեն այնպես, որ մի կողմից՝ ժամկետային զինծառայողների թվի կրճատումը չի սպառնա սահմանների պաշտպանությանն ու բանակի մարտունակությանը, իսկ մյուս կողմից՝ նորակոչիկները եւ զինապարտ քաղաքացիները չեն զրկվի մարտական փորձի պարբերաբար կուտակման հնարավորությունից: Զինված ուժերը շարունակում են մնալ հայ ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը եւ պետք է լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում»:

«Ժողովուրդ» օրաթերթը կշարունակի իր շարքը՝ ներկայացնելով մյուս ուժերի նախընտրական ծրագրերը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։