Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալով հարցին՝ եթե ՀԱԿ-ն ԱԺ-ում ներկայացվածություն ունենա, այնտեղ լինեն Քոչարյանն ու Փաշինյանը, և վարչապետի ընտրության հարց դրվի՝ ո՞ւմ կընտրեք, կատակել է. «Գիր-ղուշ կգցենք, կորոշենք... Հիմիկվա խոսելու բան չէ: Կստեղծվի նոր իրավիճակ, ու կփորձենք սխալ որոշում չկայացնել»:
Լրագրողի մյուս հարցին՝ Փաշինյանը խորհրդարանում հիշեցրեց 2018-ի Ձեր հանդիպումը նրա հետ և ասաց, որ Դուք ասել եք՝ հողերը պիտի տաս, Տեր-Պետրոսյանն ասել է. «Պիտի Նիկոլ Փաշինյանին ասեք՝ ցույց տուր ասածի ձայնագրությունը: Իր տանն եմ եղել, հաստատ ձայնագրել է, դե թող ցույց տա: Ես գնացել էի մեկ բան ասելու՝ ինձ միշտ մտահոգել է Ղարաբաղի հարցը: Ասել եմ՝ քո գործը պետք է լինի ֆիքսել այն ժառանգությունը, որը ստացել ես: Հարցնում է՝ ի՞նչ փաստաթուղթ, ասում եմ՝ նամակ ես գրում ԱԳ նախարարին, պահանջում՝ երկու օրվա մեջ քեզ ներկայացնի ԼՂ կարգավորման իրավիճակը ապրիլի 18-ի դրությամբ (Սերժ Սարգսյանը այդ ժամանակ հրաժարական էր տվել): Դա է եղել»: