Երեկ ԱՄՆ միջնորդությամբ, որին ներգրավվեց նաեւ Վրաստանը, ազատ արձակվեցին Բաքվում պահվող 15 հայ ռազմագերիներ։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի՝ Թբիլիսի-Բաքու-Երեւան կրկին Թբիլիսի մաքոքային շրջագայությունն անկասկած կապված չէր միայն գերիների հարցի հետ եւ ազդարարում է ԱՄՆ ակտիվ ներգրավումը Հարավային Կովկասի գործընթացներին, որից ԱՄՆ-ն «դուրս էր մնացել» Թրամփի օրոք՝ Պուտին-Էրդողան տանդեմին վերջինիս տված քարտ-բլանշի արդյունքում։
ԱՄՆ ակտիվ ներգրավումն ազդարարվեց Բայդենի վարչակազմի հաստատումից հետո։ ԱՄՆ-ն չի ընդունում եռակողմ փաթեթը որպես կարգավորում եւ պնդում է միջազգային մանդատ ունեցող եռանախագահության շրջանակում խնդիրների կարգավորման վրա։ Գերիների զգալի խմբի վերադարձն անկասկած ԱՄՆ դիրքորոշման հավաստում է, որ խնդիրները կարող են լուծվել այդ համատեքստում։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը դրա վկայությունն է։
Պաշտոնական Երեւանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին ու Վրաստանին, Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներին, Եվրամիությանը։
Ռուսաստանն իր եռակողմ փաթեթով հանդերձ, մի ոտքով շարունակում է մնալ Մինսկի խմբում՝ այդ փաթեթը «լեգիտիմացնելու» նպատակով։ Սակայն դրա հնարավորությունները գնալով նվազում են, եւ Ռուսաստանն իր քաղաքականության արդյունքում ավելի ու ավելի փակուղային իրավիճակում է հայտնվում։ Մասնավորապես, նույն գերիների կապակցությամբ հարցեր են առաջանում․ Ռուսաստանը չի՞ կարողանում, թե չի ցանկանում լուծել այդ խնդիրը։ Երկու դեպքում էլ պատասխանը Մոսկվայի օգտին չէ թե քաղաքական, թե իմիջային մակարդակում։ Իսկ Բաքվի հետ ռազմավարական գործակցության վերաբերյալ պարբերաբար արվող հայտարարությունները միայն ընդգծում են Մոսկվայի հստակ դիրքորոշումն այս հարցում։
Բանն այն է, որ գերիներին չվերադարձնելով, խախտվում էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի հեղինակն ու երաշխավորը Ռուսաստանն է։ Ավելին, Մոսկվան Բաքվի առաջ ոչ միայն նման պահանջ չի դրել, այլեւ այդ հարցադրումներին ի պատասխան կրկնում է «եռակողմ հայտարարության անվերապահ կատարման» մանթրան, բավական բաց տեքստով հայկական կողմին ներկայացնելով պահանջներ միջանցքների եւ պատերազմի արդյունքը ճանաչելու հարցերում։ Գերիներն իրականում պատանդներ են՝ Հայաստանին զիջումներ ու որոշումներ պարտադրելու համար։ Մուրադովի մի քանի գերիներով ու հաճախ էլ՝ դատարկ ինքնաթիռները Մոսկվայի քաղաքականության ցուցադրական արդյունքը դարձան։ Դրանում Մոսկվան ոչ մեկին չի կարող մեղադրել։
Բաքվում ուշագրավ մեկնաբանություններ են ԱՄՆ միջնորդությամբ գերիների վերադարձի կապակցությամբ, որին դեռ կանդրադառնանք։ Գերիների խմբի վերադարձի դիմաց ականապատ քարտեզները Բաքվին հանձնելն առանձին թեմա է, որին նույնպես կանդրադառնանք։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/13/648183/