Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել «ՀԱՄԱՍ» շարժման մի քանի թիրախների ուղղությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հարվածներն ուղղված էին Պաղեստինյան անկլավի հարավ-արեւմտյան մասում գտնվող Գազա քաղաքի տարածքում եւ Խան Յունիս քաղաքում գտնվող թիրախների վրա:
Իսրայելի պաշտպանության ուժերը հաստատել են հարվածների մասին տեղեկությունները:
Ավելի վաղ իսրայելական բանակի ներկայացուցիչը հայտնել էր, որ Գազայի հատվածից պայթուցիկ նյութերով օդապարուկներ են արձակվել սահմանի մոտակայքում գտնվող իսրայելական բնակավայրերի ուղղությամբ, եւ բանակը մտադիր է արձագանքել:
Մայիսի 21-ի գիշերն ուժի մեջ մտավ զինադադարն Իսրայելի ու Գազայի հատվածի միջեւ:
Իրավիճակն ընդհանուր սահմանին սրվել էր մայիսի 10-ին: Մոտ րկու շաբաթում Գազայի հատվածից ավելի քան 4.3 հազար հրթիռ արձակվեց Իսրայելի ուղղությամբ, դրանցից շուրջ 640-մ ընկավ անկլավի տարածքում: Իսրայելում զոհվել է 12 մարդ, ավելի քան 50-ը ծանր վիրավորվել են: Իսրայելական պատասխան օդային հարվածների արդյունքում սպանված պաղեստինցիների թիվը կազմել է 253, վիրավորվել է ավելի քան 1.9 հազար մարդ:
Սրացման պատճառն Իսրայելի դատարանի հերթական որոշումն էր` կապված Արեւելյան Երուսաղեմի Շեյխ Ջարահ թաղամասում պաղեստինյան ընտանիքներին իրենց տներից վտարելու մասին, որից հետո այլ պաղեստինցիներ եկան նրանց աջակցելու: Իսրայելական ոստիկանությունը սկսեց բռնի ցրել պաղեստինցիներին, ովքեր եկել էին աղոթելու Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում, ինչից հետո «ՀԱՄԱՍ» շարժումը սկսեց հրետակոծել Իսրայելը Գազայի հատվածից: