Հռչակագիրը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, – հայտարարել է Ալիևը Շուշիում ՝ նշելով, որ դա հնարավոր դարձավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում: «Մենք աջակցում եւ ընդգծում ենք Զանգեզուրի միջանցքի կարևորությունը, որը կարող է օգտագործվել Արևելք-Արևմուտք միջանցքի շրջանակներում», ասել է Էրդողանը:
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հարավային մասի բռնակցումն է և Հայաստանն Իրանից կտրելը: Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ նման դասավորությունն անընդունելի է, և վերջերս Բաքվին առաջարկել է Նախիջևանը «մայրցամաքային Ադրբեջանի» հետ կապել Իրանի տարածքով՝ Հայաստանի սահմանի մյուս կողմում ՝ Մեղրիի մոտ: Բաքուն անտեսել է առաջարկը, այդպիսով ապացուցելով, որ Մոսկվա-Բաքու-Անկարա եռյակի նպատակը ոչ թե Նախիջևանի հետ կապ հաստատելն է, այլ Իրանը Հայաստանից կտրելը և Հյուսիս-Հարավ՝ Պարսից ծոցից Հայաստանով Սեւ ծով ճանապարհի նախագծի չեզոքացումը:
Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է Թուրքիայի և Բաքվի նախագահների հունիսի 15-ի այցը օկուպացված հայկական Շուշի քաղաք՝ այն որակելով ակնհայտ սադրանք: Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ բազմիցս հայտարարել է, որ իր տարածքով ցանկացած հաղորդակցություն պետք է լինի Հայաստանի իրավասության ներքո:
Բաքվի քաղաքական վերլուծաբաններն ասում են, որ եթե ռուսները հայերին չեն ստիպում բացել «Զանգեզուրի միջանցքը», ապա ինչի՞ համար են ընդհանրապես պետք ռուսները: «Զանգեզուրի միջանցքի հարցը հայկական հարց չէ: Միջանցքը պետք է վերահսկվի Ռուսաստանի կողմից: Եթե այս միջանցքը չբացվի, ռուսական առաքելությունը դատապարտված է ձախողման», ասում են նրանք:
Զանգեզուրի միջանցք չի լինի, կամ չի լինի տարածաշրջանն իր ներկայիս տեսքով: Շուշիում Կարսի պայմանագրի հիշատակումը համերաշխության կոչ է Ռուսաստանին։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/16/648854/