«Անկասկած, այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը մեր սահմանների մոտ մեր հատուկ ուշադրության համար առիթ է, ինչպես նաեւ մեր քայլերի պատճառով, որոնք անհրաժեշտ են մեր անվտանգության ու շահերի ապահովման համար», ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Այսպես կոչված «ադրբեջանում» թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին Շուշիում հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նա ասել էր, որ այդ հարցով խոսելու է Պուտինի հետ։ Շուշիում Էրդողանը հայտարարել էր նաեւ, որ Ռուսաստանը կողմ է «Զանգեզուրի միջանցքին», եւ ընդհանրապես ամեն ինչ տարածաշրջանում արվում է Ռուսաստանի գիտությամբ։
Էրդողանն իհարկե չի ստում․ ՌԴ առաջին դեմքերն իրենք են հայտարարել, որ ամեն ինչ անում են Թուրքիայի հետ համատեղ, այդ թվում՝ «Ղարաբաղում թուրքերի հետ համատեղ ռազմական բարդ օպերացիան»։ Ներկայում Հայաստանում արդեն ռուսական գործիչներն են բացահայտ խոսում հայերի դեմ պատերազմում Ռուսաստանի դերի մասին, մասնավորապես՝ ՀՕՊ համակարգի կազմալուծումը եւ հայերի պարտության երաշխավորումը։
Հատկանշական է, որ Էրդողանը Շուշի մեկնեց ՆԱՏՕ վեհաժողովի շրջանակում Բայդենի հետ հանդիպումից անմիջապես հետո, Բայդենի հետ Պուտինի հանդիպման շեմին։ ԱՄՆ-ն ու Արեւմուտքը չեն ընդունում ռուս-թուրքական համաձայնությունները եւ պնդում են Արցախի խնդրի քաղաքական կարգավորման ու կարգավիճակի քննարկումը միջազգային լեգիտիմ ձեւաչափերում։ Մոսկվան ու Անկարան փորձում են դա թույլ չտալ, կամ հասնել այդ նույն ձեւաչափերում իրենց համաձայնությունների ճանաչմանը։
Այս ֆոնին, Կրեմլի արձագանքը երեսպաշտություն է թե այն առումով, որ Էրդողանը հայկական օկուպացված Շուշի էր մեկնել Պուտինի բարձր հովանու ներքո, թե այն առումով, որ միայն հիմա են հիշել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության մասին։ ՆԱՏՕ-ն մշտապես ձեռնպահ է մնացել ղարաբաղյան կարգավորման խնդիրներից, իսկ Թուրքիայի մասնակցությունը Հայաստանի դեմ Ռուսաստանի ագրեսիային անկասկած հարված է Հյուսիս-ատլանտյան դաշինքին, ինչի մասին են վկայում դրա անդամ երկրների հայտարարությունները։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային ներգրավելով իր պլաններին, Ռուսաստանը թերեւս հետապնդում էր նաեւ այդ նպատակը՝ վարկաբեկել ՆԱՏՕ-ին, «Թուրքիային Արեւմուտքից կտրելու» մառազմատիկ ձգտումների շրջանակում։ Դրա արդյունքում, ճակատագրի հեգնանքով, կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ Կրեմլը զգա ՆԱՏՕ-ի խիստ կարիքը։ Ըստ այդմ՝ Հայաստանի կարիքը, թեեւ նման մի քանի քայլանոց իրավիճակները հայկական քաղաքական դասին խորթ են ինտելեկտուալ դեգրադացման ու կենցաղային պրիմիտիվիզմի պատճառով։
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/18/649425/