Բուլղարիայի Սամոկով քաղաքի «Արենա Սամոկով» մարզահամալիրում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այսօր մրցագորգ դուրս կգան 45, 51, 60, 71 և 92 կգ քաշային ըմբիշները: Այս քաշային կարգերում Հայաստանը կներկայացնեն Վլադիկ Հովհաննիսյանը, Գասպար Տերտերյանը, Ռոստոմ Մակիչյանը, Արման Մելքոնյանը, Արշակ Գեղամյանը:
Հիշեցնենք, որ երեկոյան մարտերում 4 հայ ըմբիշներ կպայքարեն մեդալների համար, այդ թվում 55 կգ քաշային Արմեն Սուքիասյանը կգոտեմարտի ոսկու համար, ադրբեջանցի Ֆարիդ Բախիշլիի հետ: Հայ մարզիկը 1/8 եզրափակչում 7-1 հաշվով հաղթել է լատվիացի Կոնստանտինս Գեյկինսին, ապա 1/4 եզրափակչում 8-0 հաշվով առավելության է հասել խորվաթ Նոա Լյուբիչի նկատմամբ, իսկ արդեն կիսաեզրափակչում 12-1 հաշվով պարտության է մատնել թուրք Բերաթի Ինաչին: