Վրաստանի ԱԳՆ բանակցություններ է վարում իր հայ գործընկերների հետ մի քանի օր առաջ ձերբակալված ծագումով ադրբեջանցի Վրաստանի քաղաքացի վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Грузия Online-ը:

Ինչպես հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն  Սադախլո(Արևելյան Վրաստան) նահանգի Բուրմա գյուղի բնակիչ Ալլահվերդի Պելենգովը ձերբակալվել է իր երկու հայ ծանոթների հետ վրացա-հայկական չեզոք գոտում: Այնտեղից նա ուղարկվել է Երևան, իսկ վերջինիս ծանոթները ազատ են արձակվել:

Վրաստանի ոստիկանությունը սկսել է քայլեր ձեռնարկել ձերբակալվածի ընտանիքից դիմում ստանալուց հետո: Ոստիկանները ցուցմունքներ են վերցրել Պելենգովի կնոջից, նրա որդուց և դեպքի այլ վկաներից:

Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով Պելենգովը ձերբակալվել է հայկական սահմանի անօրինական հատման պատճառով:

«Այս պահին Երևանի հետ բանակցությունները վարում է Վրաստանի ԱԳՆ-ն»,- նշել է Վրաստանի ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Վրաստանի ԱԳՆ բանակցությունների ընթացքի մասին չի մեկնաբանել: