«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական այն ուժերը, որոնք ներգրավված էին այս ընտրություններում բացառապես որպես ՔՊԿ կլոն ուժեր և նպատակ ունեին նպաստել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը, արդեն հայտնել են իրենց գոհունակությունը, չնայած գոնե մոտավորապես էլ չեն մոտեցել անցողիկ շեմին: Ընդդիմադիր հիմնական ուժերն առնվազն վիճահարույց են համարել ընտրությունները, իսկ «Հայաստան» դաշինքը նույնիսկ հայտարարել է ՍԴ դիմելու մասին: Իսկ ի՞նչ կարծիք ունի փորձագիտական հանրությունը: Փաստաբան, Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Անահիտ Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում այս ընտրությունները որակեց որպես խայտառակ՝ հավելելով, որ, իր կարծիքով, նման վատ ընտրություններ Հայաստանի պատմության մեջ չեն եղել:
«Այս պահից սկսած ես ոչ մի լավ կանխատեսում չունեմ: Այս պահից սկսած ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու: Խոսքը դեռ 2018 թ.ին սկսված ու հատկապես նոյեմբերի 9-ից հետո խորացած ճգնաժամի մասին է: Ինչպես ասում են՝ «это еще цветочки, а ягодки будут потом»: Այդ ճգնաժամը կարող է հանգեցնել Հայաստանի պետականության կորստին»,- ասաց Ա. Սարգսյանը:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ կարծում է, որ այս ընտրությունների ժամանակ չափազանց մեծաթիվ ընտրախախտումներ են եղել: Նրա համոզմամբ, այս ամենը ցույց տվեց, որ իշխանությունը պահելու համար այս իշխանությունը ոչնչի առջև չի կանգնի, և դրա համար էլ ընտրակեղծիքների շատ լայն սպեկտոր կիրառվեց:
«Հասարակության երկփեղկվածությունն ավելի է խորանալու, անվտանգության որևէ հարց խորհրդարանի և դրանից բխող կառավարության կազմով չի լուծվելու: Համոզված եմ, որ այս խորհրդարանը ևս կարճ կյանք է ունենալու»,նշեց Ա. Ենոքյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում