Քանի որ Հայաստանի ներքաղաքական խոսույթում կարծես թե անհասկանալի է մնում իրեն դեռևս իշխանություն համարող վարչախմբի՝ այդչափ ձայներ ստանալու հանգամանքը թերևս մի քանի գրառմամբ կփորձեմ անդրադառնալ այդ հարցին։
Ակնհայտ է, որ գործ ունենք շատ հստակ և համակարգված պոպուլիստական գործիքակազմի տեխնոլոգիական կիրառության հետ, որի ամենաուշագրավ դրսևորումը թե՛ հռետորաբանության և թե՛ մասնակիորեն վարքագծի մեջ իշխանության կողմից իր իսկ դիրքավորումն է՝ որպես ընդդիմություն։
Այս խոսքերով, իշխանութունը հանդես է գալիս ոչ թե իշխանության դիրքերից, այլ հենց ընդդիմության, ինչը ենթադրում է, որ նույնիսկ լինելով իշխանություն որևէ անհաջողության կամ տապալման պատասխանատվություն չի կարող կրել։
Այս համատեքստում հռետորաբանության մեջ «դասական« պոպուլիստական առասպելույթը շատ պարզ կարելի է բանաձևել այսպես՝ «քո չորացած լոլիկի դաշտի համար պատասխանատու են բոլորն՝ ընդհուպ մինչև լոլիկի հարենիքը հայտնագործած Քրիստափոր Կոլումբոսը, բայց ոչ երբեք իշխանությունը»; Իսկ ինչո՞ւ իշխանությունը պատասխանատու չէ, «բացատրվում է» լրացուցիչ առասպելույթով՝ «որովհետև, այդ իշխանությունը (կարդա՝ ընդդիմությունը) հենց դու ես»:
Սա հայտնի հնարք է, որովհետև լրացուցիչ մակարդակում նաև հոգեբանորեն դժվարության հետ հաշտվելու ամենահեշտ ճանապարհն այդ դժվարության համար այլ մեղավոր գտնելն է, եթե թեկուզ այդ մեղավորը Քրիստափոր Կոլումբոսն է։
Ինչո՞ւ ազգային ընդդիմությունը չի կիրառում նման հնարքներ, չնայած լավ հասկանում է դրանց կարճաժամկետ արդյունավետությունը։ Մի պարզ պատճառով՝ ընդդիմությունը ձգտում է իրենց պահել խիստ պատասխանատու, հասկանալով երկարաժամկետ և նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում պոպուլիզիմի կործանարար բնույթը Հայաստանի համար։
Սակայն դրանով իսկ ընդդիմությունը նպաստում է, որպեսզի իշխանության կողմից պոպուլիզմով տեխնոլոգիական «մշակման» ենթարկված հասարակության մի խոշոր հատվածն իրեն ընկալի ոչ թե ընդդիմություն, որը պետք է թեկուզ անպատասխանատու հայտարարություններով կոկորդ պատռի և ստանա ընտրողների հնարավոր մեծ հատվածի քվեն, այլ հենց՝ իշխանություն, որին ձայն տալ չի կարելի, որովհետև առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ։
Ուստի հասարակության նշված հատվածը, որքան էլ պարադոքսալ թվա, քվեարկում է իշխանությանը՝ ենթագիտակցաբար նրան ընդունելով՝ որպես ընդդիմություն և չի քվեարկում ընդդիմությանը, որովհետև այդ ընդդիմությունը նրա աչքերում արդեն իսկ իշխանություն է։
Բայց ամենազավեշտալին այն է, որ հենց այս գրառումն ինքնին ոչ պոպուլիստական է և քիչ «ձայներ» հավաքող, որովհետև նաև նվաստիս համար անհնարին է հաղթահարել պատասխանատվության զգացումը և հանդես գալ կոկորդ պատռելով կամ առանց շատերիդ իրական կյանքում ճանաչելու, օդում հայտարարելով, որ իբր «սիրում եմ ձեզ»։
Վարդան Ոսկանյան