Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարցույց հատվածներում արդեն կան դիրքեր, որտեղ տեղակայված են ռուս զինծառայողներ: Ինչ վերաբերում է այս ուղղությամբ հետագա քայլերին, ապա պետք է սպասել: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Հայաստանում ընտրություններից անմիջապես հետո սկսեցին խոսել Գեղարքունիքի մարզում սահմանին ռուսական զորքեր տեղակայելու հնարավորության մասին, որտեղ նույնպես ներխուժել էին Բաքվի զորքերը: Մայիսի 12-ից հետո ներխուժած զինվորականները չնահանջեցին: Հայաստանը, հետեւելով Ռուսաստանի կոչերին, զինված դիմադրություն ցույց չտվեց, չգերեվարեց ներխուժած զինծառայողներին և չդիմեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Փոխարենը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռուս խաղաղապահներ տեղակայելու խնդրանքով Ռուսաստանին դիմելու մասին, երկու կողմերի զորքի հեռացումից և «ԵԱՀԿ աջակցությամբ հետագա սահմանազատումից հետո»։

Ընթանում են բանակցություններ Գեղարքունիքի մարզում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել, այսօր ասել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Նրա խոսքով, որոշումը կախված է ոչ միայն հայկական կողմից, ընթանում են բանակցություններ։ Հարցին, թե արդյո՞ք ստացվել է ադրբեջանական կողմի համաձայնությունը, Գլխավոր շտաբի պետը նշել է, որ «հայկական տարածքին վերաբերող հարցերում Ադրբեջանից հարցնելու կարիք չկա»:

Ռուս զինվորականները տեղակայվում են Բաքվի զինվորականների ներխուժումների գծով: ԱՄՆ-ն պահանջել է հետ քաշել զորքերը մայիսի 11-ի դրությամբ դիրքեր: Նման կոչ են արել նաեւ այլ երկրներ ու կառույցներ: Ռուսաստանը չի դատապարտել Բաքվի ներխուժումը և չի պահանջել զորքերի դուրսբերում, ինչը հաստատում է, որ Բաքվի ներխուժումները առաջնորդվում են Մոսկվայից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում