ԲՀԿ պատգամավոր, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ գործընկերներ, Covid-19 համավարակը լուրջ մարտահրավեր է աշխարհի բոլոր երկրների համար։ Շուրջ երկու տարի շարունակվող այս աղետը խարխլել է համաշխարհային տնտեսության հիմքերը, լուրջ հարվածներ հասցրել ոչ միայն առողջապահական համակարգին և բիզնեսին, այլև՝ հասարակության խոցելի խմբերին, խորացրել անհավասարությունները։
Համավարակի ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնց հետ պետությունները նախկինում չէին առերեսվել։ Եվ այժմ, երբ երկրների մեծամասնությունը հաղթահարել է խիստ սահմանափակումների փուլը, պետք է մտածել ոչ միայն մեր տնտեսությունները վերականգնելու, այլև՝ դրանք վերակառուցելու մասին, որպեսզի ապագա մարտահրավերներին կարողանանք ավելի արդյունավետ դիմակայել։
Համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար պետք է մշակել հստակ ռազմավարություն՝ խուսափելով անցյալի սխալներից։ Միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը պետք է նպաստեն մարդկանց սոցիալական իրավունքների իրացմանը, վերացնեն անհավասարությունները, պաշտպանեն խոցելի խմբերի շահերը և կանխեն հետագա հնարավոր ճգնաժամերի ժամանակ իրավիճակի սրացումները։
Քննարկվող նախագիծը կարևոր հատկապես նրանով, որ կոչ է անում միավորել մեր ջանքերն ու հնարավորությունները, միասին հաղթահարել կյանքի բնականոն ընթացքը խաթարած այս ճգնաժամը։
Ցավալի է սակայն արձանագրել այն փաստը, որ մեր կառույցին անդամակցող որոշ երկրներ հակառակն են անում՝ իրավիճակն օգտագործելով իրենց ռազմատենչ նկրտումներն իրագործելու համար։
Ի՞նչ աջակցություն կարելի է ակնկալել Ադրբեջանի և Թուրքիայի պես երկրներից, որոնք համավարակի օրերին սանձազերծեցին 44-օրյա արցախյան պատերազմը՝ ներգրավելով վարձկանների, խաղաղ հայ բնակչության դեմ օգտագործելով արգելված զինատեսակներ։
Ի՞նչ ակնկալել Ադրբեջանից, որն այսօր էլ ոտնձգություններ է կատարում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։
Եվ հարց եմ տալիս՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ այս ամենից հետո այդ պետությունները մնում են անպատժելի։
Իսկ այժմ, նոյեմբերի 10-ից սկսած, անցել է ավելի քան 7 ամիս, իսկ Ադրբեջանն իր մոտ է պահում ավելի քան 200 հայ ռազմագերի: Հիմա ո՞ր դարն է: Եվ ժամանակակից աշխարհում ցուցաբերել այս որակի հանցագործություն, կարծում եմ՝ վեր է բոլոր, բոլոր ընդունված և չընդունված նորմերից:
Երևի նրանք ուզում են, որ մեր սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորներին էլ մենք գերի վերցնենք և հետո փոխանակենք:
Եթե դա եք ուզում, ասե՛ք:
Հիմա, Եվրոպա, նրանք ներխուժել են Եվրոպայի խորհրդի անդամ պետության սուվերեն տարածք:
Ի՞նչ կասեք:
Կամ ի՞նչ կանեք:
Մի՛ ուշացրեք ձեր առաջարկը:
Գործեք տղամարդավարի, եթե կարող եք:
Եվրոպա, որոշումները պետք է լինեն դիպուկ, օպերատիվ և հասցեական:
Ձեր գործող ընթացակարգերն այլևս չեն սպասարկում էքստրեմալ իրադրությունները, որոնցից մեկն էլ հայ-ադրբեջանական սահմանին կատարվողն է:
Արագ դա փոխեք»: