Ցավով հայտնում ենք, որ 68 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է ԱՀ արդարադատության նախարարության նախկին աշխատակից՝ արդարադատության մայոր Ժասմեն Սավադի Աբրահամյանը:
Ժասմեն Աբրահամյանը ծնվել է 1953 թվականի փետրվարի 5-ին ԼՂԻՄ Հադրութի շրջանի Հադրութ ավանում, ծառայողի ընտանիքում: 1970 թվականին ավարտել է Ստեփանակերտի Եղ.Չարենցի անվան N 7 միջնակարգ դպրոցը: Բարձրագույն իրավաբանական կրթություն ստացել է ավելի ուշ՝ ուսերի հետևում ունենալով աշխատանքային մեծ փորձ, գիտելիք և հմտություններ:
Արդարադատության համակարգում Ժասմեն Աբրահամյանն աշխատել է 1970 թվականից, իսկ ԴԱՀԿ ծառայությունում` 2004 թվականից սկսած: Կարճ ժամանակամիջոցում տիրապետել է ծառայության առջև դրված խնդիրներին:
Գործընկերների հավաստիացմամբ, մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում տրված հանձնարարականներին: Շատ լավ ընկեր էր, մեծատառով մարդ` օժտված ամուր բնավորությամբ և հաստատակամությամբ: Աշխատանքային գործունեության ընթացքում իրեն դրսևորում էր որպես բանիմաց ու հուսալի աշխատող:
Բազմամյա արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Ժասմեն Աբրահամյանն
արժանացել է բազմաթիվ պարգևների, պատվոգրերի: 1990 թվականին
պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով:
2009 թվականին անցել է կենսաթոշակի: Ուներ արդարադատության մայորի կոչում:
Անգնահատելի է Ժասմեն Աբրահամյանի ավանդն արդարադատության համակարգի կայացման ու զարգացման գործում:
ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմը խորապես վշտացած է Ժասմեն Աբրահամյանի անժամանակ մահվան գույժով և ցավակցում է նրա ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին` անդառնալի կորստի կապակցությամբ:
ԱՀ արդարադատության նախարարություն