Երկուշաբթի օրը Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին հաստատել է ռուսական իշխանությունների այն տեղեկատվությունը, որ եկող շաբաթ Հաագայում տեղի է ունենալու Պետդեպարտամենտի ներկայացուցիչներ Վենդի Շերմանի և Ռոբերտ Ֆորդի հանդիպումը իրենց ռուս գործընկերների հետ սիրիական ճգնաժամի թեմայով Ժնև-2 համաժողովի կապակցությամբ, որը մինչև այժմ այդպես էլ չի իրականացել:
«Մենք համաձայն ենք Ռուսաստանի հետ, որ այդ համաժողովը լավագույն միջոցն է հակամարտությունը կարգավորելու համար: Պետքարտուղար Քերին և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անցած շաբաթ Վաշինգթոնում տեղի ունեցած հանդիպումից հետո պաշտոնյաներին կարգադրություն են տվել շարունակել քննարկումները այս ուղղությամբ: Սիրիայում իրավիճակը նրանց հանդիպման կարևոր թեման է եղել»,- հայտարարել է Փսակին: Այս մասին հաղորդում է Голос Америки-ն:
Միաժամանակ Փսակին շեշտել է, որ «ԱՄՆ և Ռուսաստանը միակ խաղացողները չեն, մենք դեռևս փորձում ենք համոզել սիրիական ընդդիմությանը որոշելու պատվիրակության կազմը, որը ներկա է գտնվելու համաժողովին»: