Բաքվի լրատվամիջոցները առիթը բաց չեն թողնում քննարկելու Հայաստանում, այդ թվում ՝ Արցախում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը՝ մատնանշելով ընտրություններից հետո հասարակության խուճապն ու խառնաշփոթը: Բաքվի փորձագետները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է հայ հասարակությունը կրկին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին և ինչ է մտադիր անել:
Բաքվում եզրակացնում են, որ անհրաժեշտ է մեծացնել հոգեբանական ճնշումն ու թրոլինգը, և այդպիսով Ղարաբաղի հայերն իրենք իրենց ձեռքով կհանձնեն իրենց հայրենիքի մնացած մասը։
Առաջարկվում են թրոլինգի տարբեր տեսակներ, դրանցից մեկն էլ Ստեփանակերտ զանգահարելն ու տունը վաճառելու առաջարկ անելն է: Նույնիսկ առաջարկվում է ստեղծել ֆոնդային ընկերություն, որը կարող է մեծ քանակությամբ բնակարաններ գնել: Սակայն, ինչպես գրում են իրենք ՝ Բաքվի քաղաքագետները, դա լավագույն միջոցը չէ: Նախ` ադրբեջանցիները չեն պատրաստվում վճարել Ստեփանակերտի բնակարանների համար, և երկրորդ` Արցախում սեփականության իրավունքի վերաբերյալ փաստաթղթերը ոչ մի տեղ չեն ճանաչվում:
Ընդհանուր առմամբ, նշվում է, որ սա պարզապես հոգեբանական թրոլինգ է: Այսօր Արցախի ԱԱԾ-ն հաստատել է լուրերն այն մասին, որ ադրբեջանցիները զանգահարում են Արցախի քաղաքացիներին` բնակարանը վաճառելու և հեռանալու առաջարկով, և հորդորել է չպատասխանել նման զանգերի:
Բաքվի լրատվամիջոցները նշում են, որ Ալիևը մտադիր է Ակնայում կառուցել 100 հազար բնակչությամբ քաղաք: Այդ պատճառով էին նրան պետք ականապատված տարածքների քարտեզները։
Այսօր Բաքվում մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2021» թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները: Կոնիայում վերջերս տեղի ունեցած զորավարժությունները կոչվում էին «Անատոլիայի արծիվ»: Թուրքիան փորձում է իր զորավարժությունների ետևում թաքցնել իր բարդույթները՝ կապված 21 թվի, Շուշիի, Քեմալի, Անատոլիայի և Պոլսի հետ: Այս անուններում Թուրքիայի հայկական մահն է:
Բաքուն և Անկարան պատրաստվում են ինչ-որ գործողությունների: ՀՀ Պաշտպանության նախարարությունն այսօր հերքել է Բաքվի ՊՆ տարածած տեղեկությունն այն մասին, թե իբր Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Տավուշի մարզի սահմանի հատվածում կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Երկուշաբթի Մոսկվայում տեղի կունենա հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստ: 13-րդ հանդիպման առանցքային հարցերից մեկը կլինի ռուսական կողմին հողի և անշարժ գույքի տրամադրումը, որն անհրաժեշտ է ռուսական ռազմաբազայի շահագործման և գործունեության համար:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սոթքից Խոզնավար ռուսական զորքերի տեղակայման մասին: Դատելով այն փաստից, որ Բաքուն հայտնում է Տավուշի սահմանին «կրակոցների» մասին, ուրեմն շուտով այնտեղ նույնպես կհայտնվեն ռուսական զորքեր:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կիրակի օրն ուղեկցել է ուխտագնացներին դեպի Գանձասար և Ամարաս: Նախկինում ուղեկցում էին Դադիվանք: Շուտով երեւի ռուս «խաղաղապահները» կուղեկցեն հայ ուխտավորներին Հաղարծին, Գոշավանք և Տաթև:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/06/28/651582/