Ֆուտբոլի Անգլիայի և Գերմանիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչի հանդիպումից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով:

Գարեթ Սաութգեյթ (Անգլիա). «Կարծում եմ՝ հրաշալի երեկո էր: Խոսում էինք այն մասին, որ ուրախություն պարգևենք երկրին, և մեր արածը հենց դա էր: Խաղացողները հրաշալի էին, կարծում եմ՝ արժանի էինք հաղթանակի: Ամբողջ թիմն անհավանական կերպով էր պաշտպանվում մինչև վերջին րոպեն: Չեմ կարող արժանին չմատուցել նրանց»:


Յոահիմ Լյով (Գերմանիա). «Սա մեծ հիասթափություն է բոլորիս համար: Ավելին էինք սպասում այս մրցաշարից և հավատում էինք մեր թիմին: Այսպիսի խաղերում անհրաժեշտ է իրացնել գոլային պահերը, որոնք շատ չեն: Ցավոք, Տիմո Վերներն ու Թոմաս Մյուլերը չկարողացան օգտագործել դրանք: Ընդհանուր առմամբ, սարսափելի է, մենք դուրս մնացինք»,- փոխանցում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած խաղում անգլիացիները հաղթել էին 2:0 հաշվով, իսկ քառորդ եզրափակիչում կխաղան Ուկրաինայի հավաքականի հետ:

2006 թվականից Գերմանիայի հավաքականը գլխավորող Յոահիմ Լյովը վերջին հանդիպումն անցկացրեց ազգային թիմում: 61-ամյա մասնագետի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականն անցկացրել է 197 հանդիպում, տարել 124 հաղթանակ, կրել 34 պարտություն ու գրանցել 39 ոչ ոքի: 2014-ին Բունդեսթիմը դարձել է աշխարհի չեմպիոն: