Azgonline.am-ը զրուցել է «Մեդիա ասոսիացիայի» և «Հայկական տեղեկատվական կենտրոնի»/AIC/հիմնադիր, ռազմավարական հաղորդակցության ու տեղեկատվության մասնագետ Հայկ Մարկոսյանի հետ։

Պարոն Մարկոսյան, մեր պետությունը հիմա ծանր օրեր է ապրում, շատերը հուսալքված են, Դուք ի՞նչ կարծիք ունեք, այս ամենը վերջնական քաոսի՞ է տանում, թե՞ լույսի սպասենք։

Երբեք չի կարելի հուսալքվել ու քաոսի սպասել։ Այո՛, Հայաստանը հիմա ծանրագույն օրեր է ապրում, բայց սրանից ավելի վատ վիճակում էլ ենք եղել, հաղթահարել ենք, եւ վստահ եմ՝ սա էլ կհաղթահարենք, մեծ, անդառնալի կորուստների գնով, բայց կհաղթահարենք։ Այդ կորուստների մի մասն արդեն կրել ենք մենք, այսինքն՝ ձեր ասած լույսի համար մենք արդեն վճարել ենք եւ շատ թանկ ենք վճարել՝ մեր լավագույն տղաների արյունով ու հայրենիքի կորստով ենք վճարել, հետեւաբար այլեւս նահանջի տեղ չունենք, ալեւս կորցնելու իրավունք չունենք, հիմա շտկվելու եւ ձեռքբերումներ ունենալու մասին մտածելու ժամանակն է։

Ինչպե՞ս եք պատկերացնում այդ ամենը։

Ինձ դուր չի գալիս չարդարացված առավելապաշտությունն ու հիմքեր չունեցող երազանք-նպատակները, բայց այն, ինչ ես ասացի քիչ առաջ, իրագործելի է, փորձեմ բացատրել․ աշխարհի տարբեր անկյուններում եւ նաեւ Հայաստանում ապրում ու գործում են հազարավոր պայծառ մտքեր, որոնց ներուժն իվիճակի է ստեղծել ժամանակին համահունչ կրթական համակարգ, IT տեխնոլոգիաներ, ռազմարդյունաբերություն եւ այլն։ Հիմա համախմբվածության առավելագույնի կարիք ունենք, առանց դրա ոչինչ չի ստացվելու, ձախողվելու ենք, որը մեզ լավ տեղ չի տանի։ Պետք է մի կողմ դնենք ես-ն ու մտածենք մենք-ի տրամաբանությամբ, դա միակ ճանապարհն է։

Պատերազմի օրերին Դուք գտնվում էիք Հայաստանից դուրս՝ ԱՄՆ-ում, ինչպիսին էր պատկերն այնտեղ, գիտենք, որ ինքներդ փորձել եք օգտակար լինել հայրենիքին։

Անշուշտ, հեռավորությունն իր խոսքն ասում է, բայց ընդհանուր պատկերը բոլորի համար նույնն է, կարծում եմ, որովհետեւ իրավիճակն ընկալելիս ոչ թե հեռավորությունն է որոշիչը, այլ ցավը, կյանք չտեսած զոհերի, որբացած երեխաների ու գաղթականության ցավը։ Դա սարսափելի պատկեր է անկախ այն բանից՝ Լոնդոնո՞ւմ կլինես, Մոսկվայո՞ւմ, թե՞ Երեւանում, եթե ապրում ես հայորեն, այդ սարսափն ընկալում ես երկրկրագնդի ցանկացած կետում։

Դառնանք հարցի երկրորդ մասին․ ընկերներիս հետ փորձել եմ օգտակար լինել, բայց թույլ տվեք շրջանցել հարցի շոշափելի կողմն ու չխոսել դրա մասին, ի՞նչ է նշանակում օգնություն, ցանկացած բան, որն արվում է պետության համար, ոչ թե օգնություն է, այլ ծառայություն, բարոյական պարտք, ոչ ավելին։ Խնդրում եմ՝ սահմանափակվենք այսքանով։


Շատ լավ։ Խոսեք պատերազմի հետեւանքների մասին։

Ծանր ու տարողունակ հարց եք տալիս։ Այդ մասին շատերն են խոսել, շատ են խոսել, եւ դեռ շատ երկար ժամանակ այդպես կլինի։ Անկեղծ ասած՝ խոսելը քիչ է, վերլուծել, եզրահանգումներ անել ու հաջորդին պատրաստվել է պետք։ Հիմա աշխարհում ամեն օր տեխնոլոգիաները զարգանում են, եւ մենք հետ ենք մնում դրանից, հարկավոր է ինտեգրվել զարգացման այդ քայլարշավին եւ պատրաստ լինել նոր մարտահրավերներին։ Հետեւանքի մասին զրույցի նյութն այսպիսին պետք է լինի, թե չէ, կենաց միշտ էլ կարելի է ասել։

Այ, օրինակ, իմ փորձից պատմեմ։ Ես երեխաներիս, հատկապես մեծ աղջկաս, պատերազմներն ու պարտությունները միշտ ներկայացրել եմ պատմության միջոցով, բայց այսօր նրանք ականատես եղան դրան, իմացան՝ ինչ է գաղթը, մի բան, որ մեր ազգը շատ է տեսել։ Հիմա ես պետք է այնպես անեմ, որ հետագայում էլ ոչ մի սերունդ սեփական աչքերով չտեսնի գաղթը․ հավատացնում եմ, սարսափելի բան է, երբ երեխադ հարցնում է՝ պարտվե՞լ ենք, թե՞ ոչ, եւ քո պատասխանը դրական է լինում։


Դուք մեծ տեղ եք տալիս նաեւ մարդու կրթությանը։

Այո, որովհետեւ կրթությունն այսօր մարդու հենաշարժիչ ապարատն է, հենց այդպես, բայց կրթության մոտեցումները պետք է փոխվեն, այն, ինչ այսօր Հայաստանում մարդիկ կրթություն են կոչում, մեծ հաշվով կապ չունի կրթության հետ։ Պահանջները շատ արագ են փոխվում, այսօրվա պահանջը չես կարող երեկվա միջոցով բավարարել, դրա համար պետք է անընդհատ նոր մոտեցումներ առաջ բերես, որոպեսզի քո կրթական համակարգով ուսանած մարդը կարողանա մրցունակ լինել։ Ես տեղյակ եմ, որ ՀՀ մարզային հարյուրավոր դպրոցներ կան, որտեղ բնագիտամաթեմատիկական առարկաների ուսուցիչներ չկան։ Դա աղետ է, ինչպես կարող է 21-րդ դարի մարդն անհաղորդ լինել ֆիզիկային, մաթեմատիկային ու քիմիային։ Էլ չեմ խոսում այն մասին, որ նմանատիպ դպրոցներում օտար լեզուները նույնպես չեն ուսուցանվում, իսկ հայագիտական առարկաները, թող ներվի ասել, թերի են ուսուցանվում։ Այս պատկերի հետ Դուք ուզում եք հզոր պետություն ու ինքնակազմակերպվող հասարակությո՞ւն տեսնել, դա անհնար է։

Ինչպիսին պետք է լինի կրթությունը բանակում։

Բանակը շատ նուրբ թեմա է, եւ ես, որպես բանակի հետ անմիջական կապ ունեցող մարդ, կնախընտրեի, այսպես ասած, ոտքի վրա գնահատականներ չտալ ու եզրահանգումներ չանել, որովհետեւ վերջին տասնամյակների ընթացում բանակին ամենամեծ հարվածները հասցրել են հենց ոտքի վրա տրված գնահատականներն ու երրահանգումները։

Այնուամենայնիվ, մեր բանակը նոր տեխնոլոգիաների կարիք ունի։

Այո՛, այդ կարիքը շատ վաղուց կա, բայց ինձ թվում է, որ դա բոլորին է պարզ։ Միայն այն, որ մեր հիմնական հակառակորդ Ադրբեջանը, որի հետ բախման հավանականությունը միշտ եղել է, զինվում է ամեն տարի, ամեն ամիս, ամեն օր, պետք է ստիպեր մեր պատկան մարմիններին՝ մտածելու եւ նրանից հետ չմնալու ելքեր փնտրելու։ Իսկ ինչպիսին էր պատկերը 2020թ․ աշնանը․ մեր օդային տարածքում միաժամանակ հարյուրավոր ԱԹՍ-ներ մարտական խնդիր էին կատարում, իսկ մենք չէինք կարողանում վնասազերծել կամ գոնե խոչնդոտել դրանց աշխատանքը։ Միայն այդքանը բավարար է՝ հասկանալու համար, որ ամեն ինչ դեռ շատ վաղուց սխալ է պլանավորվել։

Բայց ասում են՝ մեր դեմ 8 պետություն է կռվել, հազարավոր վարձկաններ են եղել։

Հետո ինչ, թող Հայաստանի կողմից էլ 18 պետություն եւ տասնյակ հազարավոր վարձկաններ կռվեին, ո՞վ էր խանգարողը։ Ուզում էինք ավելի ազնի՞վ լինել, մարդասե՞ր երեւալ, ահա՛ արդյունքը։

Բնակվելով ԱՄՆ-ում՝ Դուք մեծ գործունեություն եք ծավալում Հայաստանի Հանրապետությունում, օրինակ՝ մեծ հեղինակություն է վայելում Ձեր հիմնադրած Yelaket.am կայքը, բացի այդ նաեւ ամսագրեր եք հրատարակում, PR ընկերություն ունեք։

Այո՛, Yelaket.am, Yerevannews.am լրատվական, Econews.am բնապահպանական կայքերը, Medifield բժշկական ամսագիրը եւ էլի մի քանի հարթակ․ դրանք բոլորը հատուկ նպատակներ ունեն։ Առաջին երկուսով փորձում ենք հասարակությանը մատուցել ճիշտ եւ անկողմնակալ լրատվություն՝ պահպանելով չեզոքությունը, մի բան, որի պակասն այսօր մեր հասարակությունը շատ ունի։ Դուք չեք կարող գտնել մեկին, ով կարող է կասկածի տակ դնել մեր անկողմնակալությունը եւ արդարացնել այն։

Econews.am-ը, հպարտությամբ եմ նշում, Հայաստանի ամենահամբավավոր բնապահպանական կայքերից մեկն է, որի բարձրացրած ձայնը երբեք անարձագանք չի մնում, եւ որի շնորհիվ այսօր կանգուն են բնության բազմաթիվ հուշարձաններ։

Medifield-ի միջոցով փորձում ենք համաշխարհային բժշկագիտական միտքն ու նորությունները հասանելի դարձնել Հայաստանին։ Մեր մյուս հարթակներով նույնպես ծառայել եւ ծառայելու են հայության հավաքական մտքին։

Ձեր լրատվական հարթակներում գերակշռում է ազգային տարրը, որից կայքը շահույթ ստանալ չի կարող, այն դեպքում, երբ յուրաքանչյուր կայքի վրա հսկայական միջոցներ են ծախսվում։

Ճիշտ եք, ազգային տարրը գերակշռում է, միջոցներ են ծախսվում դրա վրա, շահույթ էլ չենք ստանում, բայց չանել չենք կարող, ինչե՞ս կարող ենք նման բան մտածել, նման քայլի գնալ։ Պետք է մտածենք, որ ազգայինը մեր երեխաների դաստիարակության ամենակատարյալ միջոցն է, որի վրա խնայողություններ անելը նշանակում է խնայողություններ անել երեխաների ապագայի վրա։

Վերջերս, կարծեմ, սկսեցիք հրատարակել նաեւ Yelaket բիզնես-տեղագիրը․ ինչ նպատակ ունի դա։

Հիմա Հայաստանում բոլորը խոսում են բիզնեսի մասին, բայց շարժում անող չկա, մարդիկ որպես հիմք նայում են այլոց բիզնես փորձերին, հաջողված կամ չհաջողված, եւ փորձում նույնն անել, չգիտակցելով, որ դրանցից շատերն արդեն երկար տարիներ կորցրել են իրենց ակտուալությունն ու այլեւս մրցունակ չեն։ Մեր նպատակն է մարդկանց ոչ թե բիզնես գաղափարներ տալը, այլ՝ բիզնես մտածելակերպ սովորեցնելը, միտքը շարժելը, բիզնես երեւակայությունը շարժելը։

Պարոն Մարկոսյան, գիտեմ, որ դրսում եւս մեծ ծավալով շարունակում եք Ձեր գործունեությունը, իսկ պատրաստվու՞մ եք շարունակել պահպանել կապը Հայաստանի հետ։

Ձեր հարցը նման է հետեւյալին՝ պատրաստվում եք կապ պահպանել ձեր ծնողների ու երխաների հետ։ Իհարկե՛։

Նյութի աղբյուր՝ https://azgonline.am/