Դեռևս 2012թ. փետրվարին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Սթար» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Գևորգ Աֆանդյանը կուտակած պարտքերի պատճառով վաճառում է ընկերությունը: Այն ժամանակ, սակայն ընկերությունը ամեն կերպ փորձում էր թաքցնել իրողությունը՝ հերքելով դա: Այսօր արդեն հաստատվել է, որ «Սթար»-ը սնանկ է ճանաչվել: Ավելին բազմաթիվ ձեռներեցներ հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ ընկերությունն այս ընթացքում միլիարդների պարտք է կուտակել:

«Սթար»-ի սեփականատեր «Սթար դիվայդ» ընկերությունը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 29-ի վճռով սնանկ է ճանաչվել: Հիշեցնենք, որ նման հայցով դատարան էր դիմել «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունը, որին «Սթար»-ի պարտքը կազմում է 71մլն 845 հազար դրամ: Սակայն դեռ պարզ չէ, թե ընկերությունը ինչ այլ պարտքեր ունի, քանի որ պարտատերերը իրենց պարտքի չափը դեռևս չեն ներկայացրել «Սթարի»-ին: Ըստ հավաստի լուրերի՝ «Սթար»-ը պարտքեր ունի տասնյակ անհատ ձեռներեցների, ինչպես նաև՝ «Չանախ» կաթնամթերքի ընկերությանը, «Գետնատուն» ՍՊԸ-ին, «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ին, «Սայմե» ՍՊԸ-ն, «Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական ՓԲԸ-ին:

«Հացագործ Անդրանիկ» («Սուրիկի լավաշ») ընկերությանը ևս «Սթար»-ը պարտք է: Պարտքերը կուտակվել են դեռևս 2011 թվականից: Ընկերությունը պարբերաբար լավաշ է մատակարարել սուպերմարկետների ցանցին, բայց վերջիներս գումարը վճարել են ոչ ամբողջական: Երեկ ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ «Սթար»-ն իրենց մոտավորապես 19 միլիոն դրամ է պարտք. «Մեր հաշվապահը գնալու է իրենց հիմնարկություն, վաղը կոնկրետ կարող եմ ասել, թե ինչպես է հարցը լուծվելու»: