Իր ամենամյա մեծ ասուլիսում ՌԴ նախագահ Պուտինը, խոսելով ԽՍՀՄ վերականգնման վերաբերյալ հարցին, ասել է, որ դա նպատակահարմար չէ, նկատի ունենալով նախկին հանրապետություններում ժողովրդագրական գործընթացները։ Հակառակ դեպքում, ասել է Պուտինը, ՌԴ-ն կարող է բախվել սոցիալական լուրջ խնդիրների, որոնք հնարավոր չէ լուծել, եւ պետականաստեղծ էթնիկ միջուկի լղոզման։

Մինչ Հայաստանում դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկում են ԽՍՀՄ 2․0 վերականգնման հարցերը, ռուս վերլուծաբանները գտնում են, որ Պուտինն այս հայտարարությամբ խոստովանել է Ռուսաստանի աշխարհքաղաքական պարտությունը եւ Մերձբալթյան երկրներից հետո ճանաչել Կենտրոնական Ասիայի երկրների անկախությունը։ Նրա հայտարարությունը տվյալ համատեքստում վերաբերում է հենց մահմեդական կենտրոնասիական երկրներին, որտեղից միլիոնավոր միգրանտներ հաստատվել են Ռուսաստանում եւ տեղական մահմեդական բնակչության հետ միասին լրջորեն փոխել ոչ միայն ժողովրդագրական իրավիճակը։

Պուտինի իշխանության օրոք տնտեսական, հումանիտար, նույն այդ «պետականաստեղծ էթնիկ միջուկին» ժողովրդագրական աղետի եզրին հասցված Ռուսաստանն ընդունակ չէ կայսրության, ինչպես նշում են փորձագետները՝ ռուս ժողովուրդը կորցրել է կայսերական բնազդները։ Միեւնույն ժամանակ, կայսրությունը զուտ բիրտ ուժով միավորումը չէ, այլեւ տնտեսական, սոցիալական, արժեքային կերպարների ստեղծումը, որոնցից զուրկ է ներկայիս Ռուսաստանը։ Ավելին, ՌԴ ներկայիս վարչակարգը հակակերպարների մարմնացումն է, կլեպտոկրատիայի դասական նմուշ, որը վանում է բոլորին։

Պուտինյան Ռուսաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական ու գաղափարական-արժեքային դեգրադացիայի ու անխուսափելի պարտության «էպիկենտրոնն» անկասկած դարձավ Հայաստանը։ Հայաստանի դեմ ցեղասպան արշավը դարձավ Ռուսաստանի հետհաշվարկը իր «ավանդական ազդեցության գոտիներում», ինչին Լրագիրը բազմիցս անդրադարձել է։ Հայաստանում վճռվում է Ռուսաստանի գոյության հարցը, եւ հայերի հաշվին աշխարհքաղաքական սահուն նահանջն ապահովելու Կրեմլի հույսերը հօդս են ցնդում։ Իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ Հայաստանում Մոսկվան ընտրել է իր վախճանը, որքան էլ իր նշանակած ծաղրանկարային իշխանությունն ու ընդդիմությունը հնազանդ կատարում են իր ցուցումները։

Ռուսաստանը ժամանակի ընթացքում «կիսվելու» է Թուրքիայի ու Չինաստանի միջեւ, որոնցից աստիճանաբար կախման մեջ է ընկնում։ Դա Կրեմլի հակահայ արշավի ուղիղ ու արդեն անշրջելի հետեւանքն է։ Հնարավո՞ր է փոխել այս ընթացքը․ հնարավոր է, սակայն Կրեմլը չի գնա դրան, իսկ Երեւանում նրա նշանակած վարչակազմը նվազագույն պատկերացում իսկ չունի այս խնդիրների մասին։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/04/653036/