«Չելյաբինսկի մոտ ընկած երկնաքարի բեկորների ընկնելու հետևանքով առաջացած ընդհանուր նյութական վնասը, որ նախնական հաշվարկներով կազմել է 1 մլրդ ռուբլի ամենայն հավանականությամբ վերջնական չէ և դեռ կաճի», - հայտարարել է տարածաշրջանի ղեկավար Միխայիլ Յուրևիչը:
Նրա խոսքերով, փետրվարի 15-ին երկնաքարի բեկորների ընկնելու հետևանքով նյութական վնաս է հասցվել մոտ 100 հազար տնատիրության: Նա նաև նշել է, որ տարածաշրջանի բոլոր ձեռնարկություններն աշխատում են սահմանված ռեժիմով:
Դա հաստատել է նաև փոխնահանգապետ Իգոր Մուրոգը, որը նշել է, որ Չելյաբինսկի մարզում բոլոր արտադրական ձեռնարկություններն աշխատում են սովորական գրաֆիկով: Նրա խոսքերով այժմ մարզի վնասված շենքերում իրականացվում են վերականգնման, ապակեպատման և ջերմամեկուսացման աշխատանքներ:
Նշենք, որ այսօր, մինչև 18:00-ն տարածաշրջանում նախատեսվում է իրականացնել պոտենցիալ վտանգ ներկայացնող օբյեկտների ուսումնասիրություն:
Փետրվարի 15-ին, Մոսկվայի ժամանակով 07:23-ին Չելյաբինսկի տարածաշրջանի վրա տեղի է ունեցել ընկնող երկնաքարի պայթյուն, որից առաջացած հարվածող ալիքը վնասել է բազմաթիվ շենքերի պատուհաններ ու ապակեպատ հատվածներ և 1200 մարդու համար էլ մարմնական թեթև կամ միջին ծանրության վնասի պատճառ դարձել: Երկնաքարի առանձին բեկորները հասել են երկրի մակերևույթ: Դրանցից երեքի տեղն արդեն հայտնաբերվել է: