ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն այսօրվա նիստի ժամանակ միջնորդեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությանը վկայի կարգավիճակով հրավիրվի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Դիմումատուներն իրենց դիմումներում մատնանշել են որոշակի փաստական հանգամանքներ, որոնց պատասխանողները չեն կարող պատասխանել, որովհետև իրենց իրավասությունից դուրս է: Առաջինը վերաբերում է Հանրապետության նախագահին, թե ի՞նչ պարագայում, ի՞նչ պայմաններում է որոշել ընտրության օրը նշանակել հունիսի 20-ին: Այդ հարցի պատասխանը ներկաները չեն կարող տալ, բայց բոլոր դիմումներում այդ հարցը բարձրացված է: Ես միջնորդում եմ՝ սույն գործով որպես վկա հրավիրել ՀՀ նախագահին, որպեսզի այս հարցերի պատասխանը տա: Հարցին պետք է այս փուլում անդրադառնալ, որովհետև մենք ունենք սահմանված խիստ ժամկետներ (ինձ հայտնի չէ նախագահի գրաֆիկը), որպեսզի այս հարցերը պարզաբանվեն, և մենք կարողանանք գնալ առաջ»,- ասաց Թովմասյանը:
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն էլ իր հերթին ընդգծեց, որ կարիք չի տեսնում նախագահին ՍԴ կանչելու. բավական է միայն նրան գրություն ուղարկելը:
Սահմանադրական դատարանի կազմը որոշեց այս հարցը քննարկել խորհրդակցական ձևաչափով: