Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել է ազդեցություն գործադրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի վրա՝ վճարելով լոբբիստներին 30,5 միլիոն դոլար, հաղորդում է «Open Secrets» ՀԿ-ն:

Կազմակերպության նոր հաշվետվությունում ասվում է, որ գումարը տրամադրվել է չորս տարվա ընթացքում, քանի դեռ Թրամփը գտնվում էր Սպիտակ տանը՝ նպատակ ունենալով ազդել ԱՄՆ քաղաքականության վրա՝ ի նպաստ թուրքական շահերի: Նույն այդ հաշվետվության համաձայն՝ արդարադատության նախարարությունը սկսել է հետաքննություն Թրամփի նախկին փաստաբան Ռուդի Ջուլիանիի նկատմամբ թուրքական շահերի լոբիզմի համար:


Ջուլիանին Ռեզա Զարաբայի փաստաբաններից մեկն էր, որը ոսկու մաքսանենգությամբ էր զբաղվում եւ ձերբակալվել էր 2016 թվականի մարտին Իրանի օգտին հարկերի վճարումից խուսափելու սխեմայում մասնակցելու համար: Զարաբը, որը խախտել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի էմբարգոն Էրդողանի կառավարության օգնությամբ, ավելի ուշ դարձել է Halkbank-ի ղեկավար Մեխմեթ Հաքանի Աթիլամայի դեմ ԱՄՆ կառավարության վկան, որը մասնակցում էր հարկերից խուսափելու գործողություններին: Հաքանը նույնպես ձերբարակվել էր 2017 թվականին, դատապարտվել շուրջ երկու տարվա ազատազրկման նախքան Թուրքիան վերադառնալը, գրում է Greek Repoter-ը:

Ջուլիանին փորձել է հասնել Զարաբի նկատմամբ մեղադրանքների չեղարկմանը 2017 թվականին: Նա առաջարկել է հանել բոլոր մեղադրանքները՝ փոխարենը ազատելով ԱՄՆ հոգեւոր հովիվ Էնդրոյւ Բրանսոնին թուրքական բանտից եւ նրան վերադարձնելով Միացյալ Նահանգներ: Ամերիկացի փաստաբանն այցելել էր Անկարա 2017 թվականին, որտեղ հանդիպել էր Թուրքիայի նախագահի հետ:

Վերջերս հրապարակված հաշվետվության համաձայն՝ Թուրքիայի կառավարությունը վճարել է Giuliani Greenberg Traurig LLP իրավաբանական ընկերությունն ավելի քան 5 միլիոն դոլար 2016-2020 թվականների ընթացքում:

Open Secrets-ի հաղորդմամբ՝ Թրամփի եւս մեկ մտերիմ դաշնակիցն էր Բրայան Բալարդը՝ լոբբիստ, որը զբաղվում էր միջոցների հավաքագրմամբ Թրամփի քարոզարշավի համար:

Նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը վճարել է լոբբիստին միլիոնավոր դոլարներ այդ ընթացքում: Open Secrets-ը հաղորդում է, որ Ballard Partners-ը ստացել է 1,1 միլիոն դոլար 2017 թվականին եւ 750 հազար դոլար 2018 թվականին Էրդողանից, մինչդեռ Halkbank-ը վճարել է միեւնույն ընկերությանը 2,25 միլիոն դոլար: Թրամփի վարչակազմի ընթացքում Ballard Partners-ը կենտրոնացել էր հիմնականում Պետդեպարտամենտի եւ Ֆինանսների նախարարության ուղղությամբ:

Ավելի ուշ ընկերությունը խզել էր հարաբերությունները Halkbank-ի հետ բանկի դեմ փողերի լվացման մասշտաբային սխեմայում մասնակցելու համար դատավարությունից հետո:

Mercury Public Affairs վաշինգտոնյան խորհրդակցական ընկերությունը նույնպես ԱՄՆ-ում Թուրքիայի առաջատար լոբբիստներից է եւ ունի հազարավոր կապեր Թրամփի հետ:

Mercury Public Affairs ընկերությունը ներկայացրել է Էրդողանի կառավարությունն ու Թուրք-ամերիկյան գործնական խորհուրդը, որը հայտնի է որպես TAİK:

TAİK-ը բիզնես կազմակերպություն է, որը կապված է Թուրքիայի կառավարության հետ, վճարել է ընկերությանը շուրջ 3,9 միլիոն դոլար 2018 թվականին: Այն նաեւ վճարել է 300 հազար դոլար 2019-ին ու ավելի քան 800 դոլար՝ 2020-ին:

TAİK-ի ներկայացուցիչ թուրք գործարար Մեխմեթ Ալի Յալսինդագն օգնել է բանակցություններ վարել Թուրքիայում Թրամփի անշարժ գույքի մասին: