«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած վերջին օրերին լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, թե Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մի քանի ԲՀԿ-ականներ փոխնախարարների պաշտոններ կստանան, անգամ անուններ են նշվում՝ Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի եւ Արման Աբովյանի, սակայն, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը չի գնալու այդ քայլին, եւ նման պայմանավորվածություն նրանց միջեւ չկա։

Վերջին հանդիպումն էլ՝ Փաշինյանի ու Ծառուկյանի միջեւ, կայացել է մի քանի փորձից հետո․ ԲՀԿ առաջնորդին համոզել են, որ հետընտրական փուլն այլ է, եւ ժողովուրդն էլ իր քվեն տվել է Փաշինյանին, ուստի ընդդիմությունը եթե շարունակի պահանջել նրա հրաժարականը, դեմ է գնում ժողովրդի կամքին։

ԲՀԿ առաջնորդը որոշել է, որ իր հավատարիմ կուսակիցներին անգործ չի թողնի, եւ նրանց ասել է, որ բոլորն աշխատանք կունենան, մի մասը կաշխատի հենց «Կենտրոն» TV-ում, հեղինակային հաղորդումներ կվարեն կամ այլ ֆորմատի հետաքրքիր ծրագրեր կհամակարգեն։

Հեռուստաընկերության մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն մի քանի օր է՝ պատգամավորներն առավոտից մինչեւ ուշ գիշեր TV-ում են, հնարավոր է մինչ օրս եթեր հեռարձակվող որոշ ծրագրեր փակվեն, բացվեն նորերը։ Առհասարակ, «Կենտրոն» TV-ն աշխուժացնելու, ակտիվացնելու խնդիր ունեն»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում