Բաքվի ղեկավար Ալիևը հերթական հոխորտանքն է հնչեցրել Զանգեզուրի վերաբերյալ, իր ագրեսիվ հավակնություններով և «վերադառնալու» մասին հավաստիացումներով: Ադրբեջանի նախագահի հայտարարությունները միշտ ունեն ներքին սպառման նշանակություն, սակայն երբեմն, և հաճախ՝ ոչ միայն ներքին: Այդ նշանակությունն այսպես ասած «ինքստինքյանն» է, իսկ ավելի առարկայական մոտիվները միշտ բխում են թերևս արտաքին իրողություններից: Ալիևի հայտարարությունների պատմական անբարոյությունը, կեղծարար և զեղծարար բնույթը ավելորդ է քննարկել անգամ: Քննարկենք քաղաքական համատեքստը: Բաքվի ղեկավարի այդ հավակնոտ հայտարարությունների նոր բռնկումը թերևս պայմանավորված է նրանով, որ Ալիևին չի հաջողվում Մինսկի խմբի համանախագահ երկրներին բերել իր «Զանգեզուրի միջանցքի» օրակարգի քննարկմանը և ձեռք բերել Հայաստանին այդ օրակարգը պարտադրելու համաձայնություն: Ալիևին չի հաջողվում Նիկոլ Փաշինյանին թողնել այդ օրակարգի դեմ մենակ:
Ինչպես հայտնի է, Փաշինյանը մերժում է որևէ «միջանցքի» քննարկում, ասելով, որ իր կառավարությունը դա չի արել, չի անում և չի անի: Իսկ դա արել է Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, Քի Վեսթում, կարգավորման այն տարբերակներում, որ քննարկվել են, և Քոչարյանն ինքն է խոստովանել քննարկելու հանգամանքը: Ալիևը ներկայումս հղում է անում հենց բանակցային գործընթացի այդ պատմություններին, ի պատասխան կարգավիճակի հարցի վերաբերյալ թե հայկական, թե նաև համանախագահ երկրների՝ մասնավորապես Ֆրանսիայի և ԱՄՆ հայտարարությունների: Ամբողջ հարցն այն է սակայն, որ ներկայումս չընդառաջելով ալիևյան օրակարգին, Մինսկի խբի համանախագահ երկրները միևնույն ժամանակ չեն էլ փակում այն թեման, որ շոշափում է նա: Այստեղ սակայն, ԱՄՆ ու Ֆրանսիայի դիրքորոշումների առանձնահատկությունն այն է, որ նրանք զգալիորեն ազատ են այդ հարցում պատասխանատվությունից, այն իմաստով, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի պատասխանատուն Ռուսաստանն է: Ռուսաստանն էլ թող փակի թեման, թերևս մտածում են Վաշինգտոնն ու Փարիզը: Եվ սա նրանց ռացիոնալ դիրքորոշումն է:
Հայաստանն էլ հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ խոսք «միջանցքի» մասին: Ռուսաստանը սակայն լռում է, որովհետև Մոսկվան որևէ խոսք չի կարող ասել Բաքվին ու Անկարային, որը կարող է ռիսկ առաջացնել նրանց հետ հարաբերության տեսանկյունից: Այդպիսով ստացվում է մի իրավիճակ, երբ «միջանցքի» հարցը բարձրաձայնում են միայն Ալիևն ու Էրդողանը, սակայն այդ թեման չի փակում ոչ ոք, կամ՝ փակում է միայն Հայաստանը: Մնում է համանախագահ երկրների, նաև Իրանի ու թերևս Չինաստանի դիրքորոշումների միջակայքը՝ Բաքու-Անկարա և Հայաստան «բևեռների» արանքում: Եվ, եթե հարցը փակ չէ, ապա նշանակում է, որ թեկուզ որոշակիորեն սառեցված կամ գոլացված աստիճանով, այդուհանդերձ առկա է և քննարկումները պարզապես ծավալվում են ավելի շատ կուլիսային բնույթով: Ըստ այդմ, Հայաստանի համար ներկայումս խնդիր է անել առավելագույնը, որ Ալիևի մոտ չստացվի այդ հարցում Հայաստանի դեմ «կոալիցիա» ձևավորել նաև ապագայում: Անիրատեսական է մտածել, որ Հայաստանին կհաջողվի «կոալիցիա» ձևավորել Բաքու-Անկարա տանդեմի դեմ, եթե նույնիսկ դիտարկենք, որ տեղ-տեղ այն տրիո է՝ Ռուսաստանի հետ, բայց Երևանին պետք է հնարավորինս բազմազանեցնել շահերի կուտակումը Սյունիքի շուրջ, այդպիսով հնարավորինս ընդլայնելով «միջանցքի» օրակարգի մերժման շուրջ իր գործընկերային ու դաշնակցային աշխատանքի ուղղությունների շրջանակը: Իսկ շահերը բազմազանեցնելու համար, Հայաստանին թերևս որպես հիմք անհրաժեշտ է հնարավորինս կենտրոնացնել հայկական, համահայկական ռեսուրսները և ձևավորել Սյունիքում բավականին խիստ համահայկական օրակարգ, դրանից հետո արդեն այն այսպես ասած աշխարհաքաղաքական ճյուղավորումների ենթարկելու հնարավորությամբ:
Աղբյուր՝ good-info