«ՉԻ» տեղեկություններով, նախօրեին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն այցելել է այդ մարզի Կապուտան համայնք։ Մարզպետի հետ հանդիպմանը ներկա են եղել Կապուտանի գյուղապետը, նրա տեղակալը, ավագանիները, դպրոցի տնտեսվարը եւ գյուղացիններից մի երկուսը։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. ««ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ավագանիներից ով ինչ հարց բարձրացրել է, մարզպետը պատասխանել է, որ ինքը այդ հարցի հետ գործ չունի։
Մայրաքաղաքից վերադարձած ու 1978 թվականից Կապուտանում հաստատված Ռոմիկ Ղուկասյանին Կովալենկո Շահգալդյանը հարցրել է. «Դո՞ւ ինչ հարց ունես». Երբ Ղուկասյանը պատասխանել է, որ գյուղը աղբի մեջ կորած է, մարզպետը գյուղապետ Սերոբ Միքայելյանից ճշտել է, թե ինչու գյուղի աղբը չի տեղափոխվում։ Վերջինս պատասխանել է, որ տրակտորը կցորդ չունի։ Իսկ երբ մարզպետն ասել է. «լաֆետն ինչ է, որ չունես, արի մի հատ լաֆետ տամ տար», գյուղապետը հասցրել է նրա ականջին փսփսալ, որ թերթում տպագրված նյութը Ռոմիկի «ձեռքի գործն» է։
Հիշեցնենք, որ «ՉԻ»-ում տպագրված՝ «Գյուղապետը պնդում է, որ կառավարությունը թալանել է իրեն» հրապարակման մեջ անդրադարձել էինք Կապուտանի գյուղի անմխիթար վիճակին եւ գյուղացիների դժգոհությանը։ Նշենք, որ դժգոոհղ գյուղացիներից մեկն էլ Ռոմիկ Ղուկասյանն էր։ Լսելով այդ մասին՝ Շահգալդյանը ահավոր վրդովվում է ու սկսում հայհոյանքներ տեղալ Ռոմիկի հասցեին։ Իր հասցեին հնչած հայհոյանքներն անպատասխան չթողնելով՝ Ռոմիկ Ղուկասյանը դիմում է մարզպետին՝ «Լսի, արի բարձրանանք Հաբեթ սարի գագաթը, մենակ ես ու դու լինենք, տեսնեմ էդքան տղա ես, թե՞ չէ»... »,- մեջբերում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):