ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակում Հայաստանի քայլերի տեսլականը։ Նա ասում է, որ Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը եւ խաղաղության պայմանագրին: Մինչդեռ Հայաստանն արդեն մի քանի անգամ հրապարակայնորեն ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որում նրանք կոչ են անում հատուկ ուշադրություն դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա: Դրանք երեքն են՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում և տարածքային ամբողջականություն։

«Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նախանշված ֆորմատով և բովանդակությամբ», ասել է Փաշինյանը։

Առաջին հայացից ամեն ինչ ճիշտ է, սակայն Փաշինյանի հաջորդ հայտարարությունները ուղղակի հակասում են այս թեզին։ Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի ու ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործարկմամբ, ասել է նա։ Այսինքն՝ մինչ կվերականգնվեն ԵԱՀԿ շրջանակներում բանակցությունները, Հայաստանը աշխատելու է ՀԱՊԿ եւ Ռուսաստանի հետ։

«Վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին 2 զոհ ենք ունեցել: ՀԱՊԿ մեր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: ՀԱՊԿ-ի հիշատակումը ցույց է տալիս ԵԱՀԿ-ին դիմելու ձեւականությունը։ Երեւանը համառորեն չի ուզում վերականգնել իր լիիրավ մասնակցությունը ԵԱՀԿ-ում։

Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կոչ է արել Հայաստանին վերականգնել «կառուցողական ներգրավվածությունը ԵԱՀԿ-ում»։ Այլ կերպ ասած, ԱՄՆ բաց տեքստով ասում է, որ Հայաստանը չի դիմում ԵԱՀԿ-ին, գերադասելով ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը։ Ընդ որում, Հայաստանը եռակողմ հայտարարության խախտումների մեջ մեղադրում է ոչ թե դրա հեղինակ եւ երաշխավոր Մոսկվային, այլ միայն Բաքվին։

Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններն անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու ու տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը թույլ չտալու համար, հայտարարել է Փաշինյանը։ Նա ասել է, որ Ալիեւի հայտարարություններն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին կապ չունեն եռակողմ հանձնաժողովի աշխատանքների հետ։

Այդքանով հանդերձ, Փաշինյանն այդպես էլ չի ասում, որ Հայաստանը դիմելու է ԵԱՀԿ կամ ՄԱԿ, հրաժարվելու է եռակողմ փաթեթից եւ պատրաստ է հանուն սեփական ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության լեգիտիմ ուժ կիրառել։

Նա ազդարարել է խաղաղության ճանապարհ, չնշելով խաղաղության գինը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է Հայաստանի ու Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ: Դա ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունություն ու տևական խաղաղության հաստատում», ասել է Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում