Օրերս յութուբյան ալիքներից մեկը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ուշագրավ տեղեկություններ են հաղորդվում Ուկրաինայից Հայաստան եկած մեթոդաբան, հոգեբան Սվետլանա Պրահովայի վերաբերյալ: Այնտեղ նշվում է, թե վերջինս հայտնվելով մեր երկրում, ներկայանում է` որպես մեթոդաբան, դասեր է անցկացնում հայ կանանց հետ և ինֆորմացիա հավաքում:
Մենք չէինք անդրադառնա այս թեմային, եթե մեր խմբագրություն ևս ահազանգած չլինեին Սվետլանա Պրահովայի վերաբերյալ, ինչպես իրենք են իրենց ներկայացնում՝ «տուժածները»: Նրանք տալիս էին նաև հայտնի կանանց անուններ, ինչպիսիք են երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ատամնաբույժ Գոհար Անտոնյանը, բժիշկ-կոսմետոլոգ, 2000 թվականի «Միսս Հայաստան» տիտղոսակիր Քրիստինա Բաբայանը, որոնք, ըստ իրենց ենթադրությունների, առնչություն ունեն Պրահովայի հետ և հանդիսանում են նրան՝ մեծահարուստ տղամարդկանց մասին տեղեկություններ փոխանցողներ, այնուհետև այդ տեղեկությունները հասանելի են դառնում այլ անձանց և կառույցների: Ավելին, ըստ որոշ խոսակցությունների` հավանաբար հենց այդ պատճառով էր Անահիտ Սիմոնյանը որոշ ժամանակով հեռացել Հայաստանից և գտնվում էր Սուրգուտում:
Փորձեցինք փոքրիկ ուսումնասիրություն անցկացնել և պարզեցինք, որ Սվետլանա Պրահովան մեթոդաբան է, որը «օգնում է իրականություն դարձնել մարդկանց երազանքները», 4-օրյա սեմինարի հեղինակ է, որը կոչվում է «Քո կյանքի նոր սցենարը»: Հասկացանք նաև, որ նրա ծառայություններից օգտվողները ֆինանսապես ապահովված կանայք են և սովորական աշխատավարձով ապրող կանանց դրանք ուղղակի անհասանելի են:
Վերոնշյալ ենթադրությունների վերաբերյալ համակողմանի մեկնաբանություններ ստանալու համար կապ հաստատեցինք այն անձանց հետ, որոնց անունները շահարկվում են այս առնչությամբ:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մեթոդաբան Սվետլանա Պրահովան ասաց, որ տեղյակ է, թե ինչեր են վերագրվում իրեն. «Ես տեսել եմ այդ ռեպորտաժը, կարող եմ միայն ասել` եթե մարդը ոչինչ չունի անելու, ապա թող այդպիսի բաներով զբաղվի, եթե իրենց ասածների վերաբերյալ նրանք ունեն որևէ փաստեր, ապա թող դրանք ևս ներկայացնեն։ Եթե ես այդ ռեպորտաժի վերաբերյալ ցանկանայի ինչ-ինչ քայլեր ձեռնարկել, ապա վաղուց դա արած կլինեի, սակայն այն ամենն, ինչ ասված է այդ ռեպորտաժում, չունի որևէ իրավական հիմք և որևէ փաստով այդտեղ արված հայտարարությունները չեն ապացուցվում։ Ես այդպիսի բաների ուշադրություն չեմ դարձնում, քանի որ, ըստ իս, դա զրպարտություն է։ Ի դեպ, անգամ զրպարտության մասով կա հոդված»,- ասաց նա։
Մեզ հետ զրույցում երգչուհի Անահիտ Սիմոնյանն ասաց, որ որևէ համագործակցություն Պրահովայի հետ չի եղել և չի էլ պլանավորվել: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նա ճանաչում է Պրահովային և ինչպե՞ս կմեկնաբանի տեսանյութը։ Հարցը շրջանցելով` Անահիտը միայն ասաց. «Ես առհասարակ ոչ մի բան չեմ մեկնաբանում իմ հետևորդների համար։ Նորությունների համար խնդրում եմ հետևել միայն իմ պաշտոնական էջերին: Այնտեղ ես ինքս հրապարակում եմ դրանք: Ես էլ Հայաստանում եմ»: Ի դեպ, Անահիտ Սիմոնյանը մեր հարցերին փոքր-ինչ ագրեսիվ պատասխանեց՝ պնդելով, թե անհանգստացնում ենք իրեն:
Ատամնաբույժ Գոհար Անտոնյանն էլ նշեց՝ ինքը պարզապես Պրահովայի հաճախորդն է եղել և միայն դրական կարծիք ունի նրա մասին. «Մեր շփումները միայն գործնական են եղել, և ինձ համար տարօրինակ է նման բան լսելը: Ինքը ծննդյան ամսաթվով հաշվարկներ է անում և ըստ դրա` որոշակի ինֆորմացիա է կարողանում հաղորդել: Նրան կբնութագրեմ` որպես ուրախ, ակտիվ, դրական մարդ, սովորական կին, որը, կարծում եմ, հաճույք է ստանում իր աշխատանքից: Նրա ծառայությունները վճարովի են, ինչի համար ես վճարել եմ: Իմ աշխատանքի բնագավառն էլ այնպիսին չէ, որպեսզի ես կարողանայի ինֆորմացիա տրամադրել նրան»,- ասաց Գոհար Անտոնյանը:
Մենք փորձեցինք նաև զրուցել բժիշկ-կոսմետոլոգ, 2000 թվականի «Միսս Հայաստան» տիտղոսակիր Քրիստինա Բաբայանի հետ, սակայն նա ասաց, որ աշխատում է և մեր հարցերին կարող է պատասխանել միայն երեկոյան: Քրիստինե Բաբայանի ցանկության դեպքում մենք պատրաստ ենք լսել և հրապարակել նաև իր տեսակետը:
Նյութի աղբյուր՝ lurer.com