Ստորև ներկայացնում ենք YerevanNews.am-ի հարցազրույցը ուղեվարձի թանկացման դեմ պայքարի ակտիվիստ Կարեն Հարությունյանի հետ:

- Մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին:

- Ես սովորել եմ 114 դպրոցում, դրանից հետո ընդունվել եմ Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտ և այնտեղ եմ: Քանի որ միշտ ձգտել եմ ինքնուրույնության, հենց ուսանողական տարիքից էլ սկսել եմ աշխատել: Բայց աշխատել եմ այլ ուղղությամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և ձեռք եմ բերել նաև այդ մասնագիտությունը զուգահեռաբար: Քանի որ այն մասնագիտությունը, որը ինստիտուտում եմ սովորել, մեր երկրում պահանջված չէ` ինչպես շատ այլ մասնագիտություններ, ես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եմ սկսել աշխատել: Հենց այդ տարիքից էլ սկսել եմ աշխատել և ձգտել ինքնուրույնության, չփորձել նմանվել բոլորին, այլ` փորձել եմ ստեղծագործել կամ ինչ-որ ինքնուրույն բան անել, քանի որ ազատության եմ ձգտել:


- Ինչպե՞ս եղավ նման նախաձեռնությունների և բողոքի ակցիաներին Ձեր մասնակցությունը:

- Ինչպես նշեցի, ինքս միշտ եղել եմ ընդվզող, ազատ մարդ եմ եղել, բայց, քանի որ համապատասխան միջավայրում չեմ ապրել, դժվար է եղել դրսևորվել: Ակտիվություն միշտ էլ եղել է: Նույն 2008թ. շարժումների ժամանակ եմ որոշակի ակտիվություն ունեցել, դրանից հետո ավելի ընդգծված քաղաքացիական շարժման մեջ ներգրավվել եմ Մաշտոցի պուրակի շարժման ժամանակ: Մինչ այդ ես որոշ չափով տեղյակ էի Թեղուտի, Թռչկանի շարժումների մասին, որոնց չեմ մասնակցել, բայց այդ ընթացքում նման ցանկություն եղել է:
Հայաստանում այսպիսի մի կարծրատիպ կա, որ նման բաների մասնակցելը ամոթ է, ես փորձել եմ դրանից դուրս գալ և դա հենց Մաշտոցի պուրակի ժամանակ ստացվեց: Մինչ այդ էլ եմ փորձել, ուղղակի, երևի չի հարմարվել կամ չի ստացվել: Մաշտոցի պուրակի ժամանակ ինքս արդեն գնացել, տեսել եմ, քանի որ այնտեղ կար արդար պայքար: Ինքս մասնակցել եմ և հաջողության հասնելուց հետո իմ քաղաքացիական գործունեությունն ավելի ակտիվ է դարձել: Մաշտոցի պուրակի պայքարի ժամանակ բոլոր մասնակիցները ձեռք են բերել շատ մեծ գիտելիքներ թե՛ քաղաքական , թե՛ մշակութային առումով: Շատերն այդտեղ ուղղակի կրթվել են և նոր արժեքներ ձեռք բերել:
Դրանից հետո արդեն մասնակցել եմ տարբեր քաղաքացիական միջոցառումների, շարժումների: Մասնավորապես` «Հարսնաքար»-ի միջադեպի հետ կապված: Դրանից հետո բնապահպանական որոշ թեմաների շուրջ` Խոսրովի արգելոցի հետ կապված, ՀԷԿ-երի հետ կապված: Դրանից հետո փորձել եմ հասկանալ, որ ուղղակի ռեակցիոն բնույթ կրելով այդ քաղաքացիական շարժումները հաջողության հասնել չեն կարող, այսինքն` պետք է ռազմավարական մտածել և երկարաժամկետ նպատակներ դնել` դիտարկելով դրանք այն տեսանկունից, որ ուր ես ուզում դու հասնել: Այսինքն, դու ընդամենը հրշեջ ես այդտեղ, փորձում ես չթողնել, որ կատարվի օրինակ ապօրինություն, թե ձգտում ես ավելի լուրջ նպատակների և գաղափարների: Այդտեղից ես շատ տարբեր մարդկանց հետ շփվել եմ, տարբեր մարդկանց հետ փորձել ենք գտնել նաև միմյանց հետ համագործակցելու ձևեր:
Նախընտրական շրջանում կրկին փորձել ենք ձևավորել նոր դիսկուրս, որը կդնի ոչ թե այն ավանդական պատկերացումները ընտրությունների և քաղաքականության մասին, այլ` նոր մշակույթ և գաղափարներ տարածել, որ ընտրությունները իրականում Հայաստանում կեղծվում են: Եվ ի սկզբանե պետք է մտածել ազատ, արդար ընտրություններ ունենալու, նոր` մասնակցելու մասին: Քաղաքական ուժերը համառորեն չեն ցանկանում ընդունել այդ փաստը, քանի որ նրանց բուն գործունեությունը նեղ իմաստով կապված է հենց ընտրությունների հետ: Այդ ժամանակ կրկին որոշ մարդկանց և երիտասարդների հետ նախընտրական շրջանում ծավալել ենք նման գործունեություն, որը ոչ թե կապված է եղել ինչ-որ կուսակցության հետ, ինչ-որ մեկի սատարելու, այլ` ընտրությունների գաղափարի և իրավական պետություն ունենալու գաղափարի հետ: Նույն «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ԵԱՀԿ խմբի ասուլիսի ժամանակվա ակցիան հենց այդ նպատակը ուներ: Նպատակ կար ցույց տալ, որ չի կարելի ընտրությունները կեղծել, հետո ձևական կողմը պահելով ասել ամեն ինչ նորմալ է: Այսինքն, մենք փորձեցինք իրենց էլ հասկացնել և հանրությանը մատուցել, որ չի կարելի ստել և կեղծիքով մատուցել ամեն ինչ:
Արդեն ավագանու ընտրությունների ժամանակ նույն գաղափարները շարունակելով որպես դիտորդ մասնակցել եմ և փորձել եմ ցույց տալ, որ ընտրություն գոյություն չունի: Փորձել եմ կուսակցություններին նույնպես հասկացնել, որ իրենց այս ձևով չեն կարող ոչինչ փոխել, քանի որ այդ նույն ընտրությունների ժամանակ քաղաքացիական դիտորդներն ու լրագրողները, ովքեր փոքր խումբ էին կազմում, շատ ավելի լուրջ գործ արեցին` չունենալով կուսակցական ինչ-որ շահ, քան` կոնկրետ կուսակցական վստահված անձինք և հանձնաժողովի անդամները: Մասնակցել ենք իմանալով, որ կեղծվելու է և հենց մասնակցել ենք ցույց տալու համար այդ ամբողջ կեղծիքը: Կրկին ստացվել է և ընտրությունների խայտառակությունը ի հայտ բերվել է: Դրանից հետո կուսակցությունները մտածելու տեղիք ունեցան, քանի որ արդեն առջևում ընտրություններ չկան և դա նպաստավոր պայմաններ է ստեղծում արդեն նոր ստեղծագործական գաղափարներ առաջ տանելու համար:


- Ինչպե՞ս սկսվեց կոնրետ ուղեվարձի թանկացման դեմ պայքարը:

- Ֆեյսբուքում բացվել էր «իվենթ», մինչև դա այդ կոչերը եղել են, որ չպետք է համակերպվել: Դա ուղղակի խոսքի ձևով էր ասվում: Ստեղծվեց խումբ «Չենք վճարում», որը որ մի խումբ մարդիկ հարց բարձրացրեցին, որ պետք է խնդիրը ֆեյսբուքից դուրս հանել, որ հնարավոր լինի պայքարել: Այսինքն, եթե մենք զուտ փորձենք ֆեյսբուքով այդ գաղափարները տարածել, չի լինի: Եթե կոնկրետ ուզում եք պայքարել, եկեք հանդիպենք, զրուցենք և որոշել թե ինչպես է պետք պայքարել: Հենց այդտեղից էլ սկսվեց: Կազմակերպվեցին քննարկումներ, խմբեր, որոնք արդեն կոնկրետ անելիքներ ունեին եվ սկսվեց խմբերի գործունեությունը քաղաքում, որը դարձավ զանգվածային: Եվ այդ խմբերի մարդիկ իրար նույնիսկ չէին ճանաչում: Հիմնական մարդկանց ճանաչել եմ Մաշտոցի պուրակի ժամանակներից, քանի որ հիմնականում բոլորն այդ ժամանակ ի հայտ եկան: Ընթացքում ճանաչել եմ նաև այլ մարդկանց, ովքեր տարբեր շարժումներից հետո են ինքնադրսևորվել: Շատ պայծառ երիտասարդներ են հայտնվել, ովքեր զգացել են ազատությունը և փորձել են իրենց ներդրումն ունենալ այդ պայքարների մեջ:

- Ո՞րն էր այդ պայքարի հաջողության պատճառը:

- Այդ շարժումը ձևավորվեց մի ժամանակ երբ չկային ընտրություններ, չկար կուսակցական ինչ-որ շահ, կար սոցիալական կոնկրետ խնդիր, կար սոցիալական արդարության հակասոցիալական որոշում և ընդհանրապես արդարության խնդիր գոյություն ուներ: Եվ բոլորն այդ պահին փոփոխությունների էին սպասում:
Շարժման հաջողության պատճառը հաջող իրավիճակն էր: Ինչքան էլ դա ինքաբուխ էր, դրվեցին գաղափարներ և շատ մասնակցային դարձվեց: Ինչը որ մի խումբ մարդիկ սկսեցին անել, վարակիչ բնույթ կրեց և բոլորն էլ կարող էին մասնակցել և անել: Ի սկզբանե, երբ թռուցիկներ էին բաժանվում այնտեղ գրված էր «Բազմացրու, մասնակցիր, վճարիր 100 դրամ»: Այդ սկզբունքով տարածվեց ինտերնետով և ստացավ զանգվածային բնույթ` վերածվելով շարժման, որը կարճ տևեց, այդ պատճառով դա կարելի է ձևակերպել որպես փոքր շարժում կամ շարժման հիմք:
Շատ կարևոր դեր ուներ նաև, որ կուսակցությունները ճիշտ դրսևորվեցին և չփորձեցին միջամտել և կուսակցական օրակարգ դնել զուտ քաղաքացիական, քաղաքային շարժման մեջ: Իհարկե փորձեր միշտ էլ լինում են, բայց զգացին, որ իրենք դրանով վնաս կտան: Եվ շատ լավ է, որ կուսակցությունները հասկացան և իրենք մասնակցեցին ուղղակի որպես քաղաքացի, այլ ոչ թե`որպես կուսակցություն:


- Լարիսա Ալավերդյանը նշում է, որ ճիշտ չէ կուսակցությունների հետ չհամագործակցելը և չպետք է վախենալ «ուղղորդված» որակումը ստանալուց:

- Վախենալու հարցը չէ: Իհարկե շատ է վարկաբեկվել այդ թեման, որ կուսակցությունները գալիս են, ուղղորդում են կամ իրենց օրակարգն են դնում: Կա նման երևույթ և դա նորմալ է, քանի որ կուսակցությունը իր կուսակցական շահն է հետապնդում: Բայց փորձը ցույց է տալիս, որ դա բերում է շարժման, նախաձեռնության, գաղափարի տապալման, քանի որ մի կուսակցություն որ մտնում է, մյուսների մեջ սկսում է մրցակցություն և ժողովուրդն արդեն որպես գործիք է դառնում, ոչ թե` գործոն: Դրա համար ժողովուրդն էլ «հոգնած» լինելով կուսակցությունների այս վիճակից, չի ընդունում նրանց: Այնպես չի, որ պետք չէ համագործակցել, իհարկե բոլորի հետ է պետք համագործակցել: Ուղղակի կուսակցություններին ասվում է, որ այստեղ քաղաքացիական շարժում է:


- Ինչպե՞ս կորակեք Տարոն Մարգարյանի կողմից` ուղեվարձի թանկացումը ժամակավորապես կասեցնելու որոշումը:

- Ամբողջ Երևանը տեսել է, թե ինչ է կատարվում և թե ինչ քաղաքացիական ակտիվության դրսևորում է ցույց տվել հանրությունը: Ուղղակի դրա դեմն ինչ-որ ձևով առնել հնարավոր չէր: Սկզբում փորձեցին ճնշել շարժումը, հետո տեսնելով, որ չի ստացվում` ստիպված հաշվի նստեցին: Ուղղակի նրանք տեսան, որ տարբեր թանկացումների, օրինակ, գազի, էլեկտրաէներգիայի դեպքում, ժողովուրդն արձագանքեց ավելի փոքր չափերով: Ժողովուրդն էլի համակերպվեց, կամ, ավելի ճիշտ, չունենալով իրական ձևեր դրա դեմ պայքարելու կամ դեռ իրենց վրա իրական չտեսնելով այդ բեռը, ուղղակի չընդվզեց: Դրանից ելնելով արդեն այսպես էլ ստացվում, որ ինչ էլ անեն նորմալ կլինի, քանի որ կանցնի, կգնա, կամ ինչպես միշտ փոքր խմբեր կընդվզեն և վերջ: Բայց այդպես չեղավ, քանի որ դեպքն էր մի փոքր այլ: Խնդիրը շատ պարզ էր դրված և մասնակցային բնույթ կրեց:


- Պայքարի հիմանական մասնակիցներն ուսանողներ էին, եթե սոցիալական որոշակի փաթեթներ մշակվեն նրանց, դպրոցականների և տարեցների համար, ի՞նչ կերպ կընթանա պայքարը: Եթե նրանց համար 100 դրամ լինի, ո՞վ կպայքարի այդ դեպքում:

- Խնդիրը կոնկրետ տրանսպորտի ոլորտում զուտ այդ 50 տոկոսի թանկացումը չէր: Շատ բաներ էին թանկացել, ուղղակի այդտեղ այդ պայթյունը տեղի ունեցավ, քանի որ այստեղ ավելի ընկալելի էր և պարզ թե ինչ պետք է անել: Խնդիրը սոցիալական անարդարությունն էր ընդհանրապես: Նույն ուսանողների վարձն են թանկացնում կամ գազի գինը և այդ պայքարը մարդկանց մեջ կա: Ես չեմ կարծում թե զուտ այդ 50 դրամի համար էին պայքարում: Իհարկե դա շատ մեծ գործոն էր: Իհարկե սոցիալական գործոնը շատ մեծ նշանակություն ուներ, բայց գլոբալ առումով անարդարության խնդիրն էր: Կարծում եմ, որ մեծամասնությունը հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվել է: Օրինակ, ինչու՞ պետք է մեքենաներն իրենց հաշվին անվճար տեղափոխեին ուղևորներին: Իրենք է՞լ էին այդ 50 դրամի համար մտածում: Ես չեմ կարծում, նամանավանդ այն ուսանողները, ովքեր առավել ակտիվ են եղել, իրենք հաստատ կշարունակեն և ավելի նորանոր խնդիրներ կդնեն:


- Ուղեվարձի թանկացման որոշման կասեցման հաջորդ օրն իսկ շարժման ակտիվությունը չմարեց, այլ` բարձրացավ ակցիաների երկրորդ ալիքը: Ինչու՞ դրվեց նստացույց հենց պաշտոնանկությունների պատճառով:

- Քանի որ մեր հանրության մեջ պատասխանատվության հարցն ընդհանրապես գլոբալ առումով շատ վատ վիճակում է: Այսինքն, թե ՛ քաղաքացին իր պատասխանատվությունը չի զգում այլ քաղաքացիների և իր հանրապետության առջև, թե՛ պաշտոնյաներն ընդհանրապես պատասխանատվություն չեն զգում, քանի որ իրենք ոչ թե հանրության կողմից են ընտրվել և իրենց շահն են ներկայացնում, այլ իրենք ինչ-որ միջոցներով են հասել պաշտոնների և, բնականաբար, իրենք պատասխանատվություն հանրության առջև չեն զգում: Տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը նախ անօրինական էր, երկրորդ` հակասոցիալական և հանրության կարծիքն ընդհանրապես հաշվի չէր առնվել: Այդ որոշումն ընդունողը, բնականաբար, պետք է պատասխանատվության ենթարկվի: Յուրաքանչյուր իրավական, ժողովրդավար երկրում դա այդպես է: Մենք համարվում ենք նման երկիր, բայց փաստորեն կարող են մի որոշում կայացնել, հետո ճնշման տակ կասեցնել որոշումը ու ստեղծել հանձնաժողով, որ այդ ապօրինի որոշումը հանձնաժողովը քննարկի: Բացի այդ նույն պաշտոնյաները դրսևորել են նաև հանրային, համայնքային ծառայողներին ոչ հատուկ պահվածք: Դա իրավական հիմնավորումներով էլ է տրված: Նստացույցի դեպքում կրկին դրվեցին հիմքերը, անցանք գործողությունների, որպեսզի այդ հիմքերը ֆիքսվի: Երկու նպատակ կա: Մեկը, որ հանրության մեջ ձևավորվի այդ դիսկուրսը, որ պատասխանատվության ինստիտուտի ձևավորումը շատ կարևոր է, քանի որ, եթե այս անգամ պատասխան չտան, մենք զերծ չենք մնում հաջորդ անգամ նման որոշումներից: Իսկ եթե այս անգամ նրանք պատասխան տան, դա նախադեպ կստեղծվի, որպեսզի հաջորդ անգամ նման բան իրենք իրենց թույլ չտան: Մի կողմից սա, մյուս կողմից` հենց այդ պաշտոնյաներին պաշտոնանկ անելու և պատասխանատվության ենթարկելու հարցն է:


- Իսկ դուք մասնակցություն ունենու՞մ եք նստացույցին:

- Ես ինքս մասնակցում եմ նստացույցին: Այստեղ նստացույցի գաղափարն էլ փորձեցին ներկայացնել իբրև միայն երեք հոգու մասնակցությամբ տեղի ունեցող: Ի սկզբանե երեք հոգի հայտարարեցին դրա մասին: Բայց մենք տեսնում ենք, որ այստեղ հարյուրավոր մարդիկ են գալիս ամեն օր, ամեն մեկն իր չափով իր ժամանակն է հատկացնում և մասնակցում է նստացույցին: Այնպես չէ, որ երեք հոգին մասնակցում են, մնացածն աջակցում են: Բոլորն էլ մասնակցում են: Օրինակ, գիշերն այստեղ մնում է մոտ 10 հոգի մարդ, ցերեկն էլ մարդիկ գալիս-գնում են: Մեծամասնությունն ավելի շատ իրենց աջակցությունն են հայտնում տարբեր միջոցներով: Իսկ բուն մանսակիցներն այդ երեքը չեն, այլ` բոլորս ենք:


- Բացի նստացույցից նախատեսվու՞մ են պայքարի այլ միջոցներ:

- Եթե նստացույցի խնդիրը կոնկրետ դրված է, պայքարը տարվում է այդ ուղղությամբ: Ինքը մի-քիչ ստատիկ պայքարի միջոց է, բայց որի շուրջ կարող է ձևավորվել այլ դինամիկ գործողություններ: Եթե նստացույցից ավելի արդյունավետ միջոց գտնվի, նստացույցը միգուցե փոխարինվի, բայց այս պահին նստացույցն իրավիճակը պահում է, որի շուրջ ձևավորվում են այլ գործողություններ: Նստացույցը կշարունակվի այնքան, մինչև հասնի իր նպատակին:


- Վերջերս Վահագը նշեց, որ իրենք պատրաստ են նաև հացադուլի: Ի՞նչ կարծիք ունեք պայքարի այս ձևի մասին:

- Հացադուլն էլ է պաքարի ձև, ուղղակի այն ավելի շատ ուղղված է հանրությանը, քանի որ մեր երկրում հացադուլն ավելի շատ ազդում է հանրության վրա: Դա այնքան էլ ընկալելի չէ, որոշ չափով նաև արժեզրկված երևույթ է: Կարծում եմ այն ավելի բարդ կլինի հասցնել հանրությանը, որպեսզի ընկալվի որպես պայքարի գործիք: Այն ավելի շուտ կընկալվի որպես կարեկցանք հանրության կողմից:


- Լևոն Զուրաբյանը վերջերս նշել է, որ շարժման մեջ իշխանությունը ներդրել է իրենց գործակալներին, այդ պատճառով էլ` մեղմ պահանջներ են առաջ քաշվել:


- Եթե Լևոն Զուրաբյանն այդպես է համարում, թող ինքն ավելի կոշտ պահանջները դնի և գա նստի ասենք հազար հոգով նստացույցի և իր պահանջներին հասնի: Պահանջը դրված է այնպիսին, որ նա լինի իրական, ապա լինի իրավական հիմնավորումները: Պետք է քայլ-քայլ գնալ առաջ: Եթե մարդիկ գտնում են, որ ավելին պետք է անել, թող անեն: Իսկ դա համարել, որ ուղղորդված է կամ ներդրված է իշխանությունների կողմից, ուղղակի լուրջ չեմ համարում:


- Շատերը չեն ընդունում շարժման մասնակիցների կողմից հնչող վիրավորական արտահայտությունները, նշելով, որ դա չպետք է տեղափոխել անձանական վիրավորանքների հարթություն:

- Ավելի շուտ ասում են կոռեկտություն: Այդ նույն կոռեկտության կոչն անում է Գալուստ Սահակյանը: Բայց կոռեկտության սահմաններում պայքարելն անհնար է, քանի որ կոռեկտության սահմաններ դնում են հենց իրենք: Ոչ կոռեկտ էլ համարվում է ցանկացած երևույթ, որն ընդունվածից դուրս է: Իսկ այն, որ դու այլ ձև ես մտածում, քեզ ասում են, որ դու կոռեկտ չես: Եվ բացի դրանից, ես չեմ ընդունում վիրավորանքները, բայց պետք է հասկանալ, որ մեզ` ժողովրդիս, ամեն օր են վիրավորում և ծաղրում նույն այդ պաշտոնյաները: Իսկ պայքարի մեջ այդ վիրավորական ուղղությունները մինիմալ է կարող են ուղղակի միջադեպեր լինել: Ես չեմ կարծում, որ լուրջ նման խնդիր կա: Ուղղակի կա սովորականից այլ մտածելակերպ և այլ պայքարի միջոցներ:


- Շատ «գծատերեր» ասում են, որ եթե տրանսպորտի ուղեվարձը չթանկանա մարդիկ կմնան ոտքով:

- Փորձ է արվում դա ներկայացնել որպես իրողություն, որ ստեղծված հանձնաժողովն էլ նման կարծիք կազմի, որ 100 դրամով հնարավոր չէ: Սակայն իրենք ասում են, որ այսքան ժամանակ իրենք վնասով են աշխատել : Ես չեմ կարծում, որ որևէ մի «գծատեր» իր հաշվին ահռելի գումար կդնի և այդքան վնասով կաշխատի տարիներ շարունակ: Նախ դա դեմ է բիզնեսի կանոններին և երկրորդ` ուղղակի կսնանկանային: Նշանակում է, որ նրանք լավ էլ շատ շահույթ ունեցել են և կան հաշվարկներ և ապացույցներ, որ քաղաքապետարանի կողմից ներկաացված հաշվարկը սխալ է և ուղղակի փորձեր են արվում իրենց արդարացնելու կամ գերշահույթ ապահովելու համար:


- Կպարզաբանեք ՌԴ-ի դեսպանատան հետ կապված միջադեպը և Ձեր` ոստիկանության կողմից բերման ենթարկվելը:


- Դա ուղղակի մի փոքր միջադեպ էր, որը ցույց է տալիս իրավապահ մարմինների իրավական հարթությունից դուրս գտնվելը: Երբ որ իրենք ասում են չի կարելի, բայց չեն կարողանում դա հիմնավորել իրավականորեն: Այդ խոսակցությունն է գնացել, թե ինչու՞ չի կարելի այդտեղ կանգնել: Դա իրենք որակել են որպես խուլիգանություն, նաև այդ վայրում եղել են այլ ոստիկաններ, և եթե մենք խուլիգանություն էինք անում, իրենք պետք է մեզ այդ պահին ձերբակալեին, այլ ոչ թե հետագայում գային` առանց հիմքեր ներկայացնելու մեզ ապօրինի կերպով ձերբակալեին: Նրանք անում են մի բան, հետո նոր փորձում են դրան իրավական հիմնավորում տալ: Այսինքն, մեզ գալիս են միջադեպից հետո տանում են, նոր ասում են թե ինչի համար են տարել: Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ մի քանի մարդիկ փորձել են մտնել դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, նման բան չի եղել, այնտեղ ուղղակի կանգնած ենք եղել: Եվ կարծում եմ հատուկ պահպանվող տարածքը ցանկապատից ներս է գտնվում, ոչ թե դուրս: ՌԴ-ի դեսպանատան արված հայտարարության մեջ նշված է, որ նման դեպք չի եղել, ոչ մի անձինք չեն փորձել մտնել հատուկ պահպանվող տարածք և դրանով իսկ Ոստիկանությանը դրել են ծիծաղելի իրավիճակի մեջ:


- Անդրադառնանք Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած դեպքերին: Ինչի՞ հետ է կապված 6 ամիս անց այդ դեպքերի շահարկումը:


- Միջադեպը կարծում եմ շատերը տեսել են և բոլորի համար պարզ էր, որ ուղղակի հարց էր բարձրացվել և Ազատության հրապարակում գտնվող մի խումբ մարդկանց հետ ուղղակի զրույց էր գնում: Դա ընկալվեց որպես սադրանք, սակայն իրենք էլ հասկացան, որ դա իրականում այդպես չէ: Դա անցել-գնացել էր, ինչը որ այն ժամանակ էլ փորձ արվեց շահարկել: Ու հիմա ուրիշ բան չգտնելով մեզ վրա, վերցնում են այն հինը, որն արդեն «մարսված» է և բոլորը տեղյակ են, նորից դա փորձելով ներկայացնել, գուցեև վարկաբեկող ինչ-որ փաստեր: Փորձ է արվում ավելի շատ անտեղյակ մարդկանց մոտ այդ կարծիք ձևավորել և վարկաբեկել հենց այդ մարդկանց մոտ, ովքեր որ տեղյակ չեն այդ դեպքի մանրամասներին: Ես դա էլի համարում եմ էժանագին վարկաբեկման փորձեր, որը միշտ տեղի է ունենում, բայց միշտ չէ որ հաջողության է հասնում:


- Շատերը Ձեզ մեղադրում են նաև այդ հանրահավաքի տապալման մեջ:

- Եկեք հասկանանք իսկ ինչ պետք է աներ այս շարժումը, որ մենք անում ենք մի այլ բան: Նման բան չկա: Ինչու՞ ուրիշները չեն անում, թող անեին: Եթե իրենք փորձում էին ինչ-որ բան անել, մենք այլ կերպ էին ուզում տանել, թող անեն, ինչու՞ չեն անում: Ու նաև այն ժամանակ նման փորձ չի արվել: Մենք ինքնուրույն քաղաքացիներ ենք եղել և փորձել ենք մեր կարծիքը հայտնել, մեր պայքարի ձևերը ներդնել, նաև աջակցել և փորձել թե՛ քննադատությամբ, թե՛ կառուցողական գործողություններով նպաստել շարժման ստեղծմանը` ժողովրդի շահերից ելնելով: Այն, ինչ ասում են, անհիմն է: Եվ բոլորն էլ, ովքեր ինչ-որ չափով տեղյակ են, գիտեն թե ինչի համար ենք մասնակցել ու դա ինչ նպատակ ուներ:


- Դուք որքանո՞վ ձեր մասնակցությունն ունեք այժմ ընթացող շարժումներին:

- Այժմ ընթանում է պայքար վճարովի ավտոկայանատերիների դեմ, ես ինքնս վարորդ եմ և չեմ հանդուրժելու, որ նման անարդարություն լինի: Եվ փաստացի, եթե մինչև այս կանգնում էինք տարբեր տեղերում և անվճար էր, հիմա արդեն պետք է նույն բանի համար վճարել: Եվ ինքս դրա համար պայքարելու եմ և չեմ թողնի, որ այդ մասնավոր ընկերությունը ժողովրդի հաշվին գերշահույթ ստանա:


- Ի՞նչ արդյունքի եք ցանկանում հասնել նման շարժումների միջոցով:

- Հիմնականում մեր խնդիրն ավելի խորքային է: Արժեհամակարգային խնդիր է մեզ մոտ, որովհետև մարդիկ ավելի ցածր արժեքների հետևից են սկսել գնալ, ինչը որ մեր հանրության մեջ արդեն համատարած բնույթ է կրում: Այսինքն` նյութական արժեքներ և անձնական շահ: Բայց գոյություն ունի նաև հանրային շահ, որն անձնական շահի հետ է կապված, քանի որ հանրային համակեցության մեջ նայելով հանրային շահը նաև քո անձնական շահն է: Այդ հանրային և անձնական շահի ճիշտ համադրումը մեզ մոտ չկա և դա էլի արժեհամակարգի հետ կապված խնդիր է և մարդիկ սոցիալական արդարությունը և հավասարությունը պետք է որպես արժեք կրեն: Պետք է արդեն այդ արժեքները տարածել:

 Նաիրա Հովհաննիսյան