Ոչ ինքը՝ SARS-CoV-2 կորոնավիրուսը, ոչ էլ պատվաստանյութերում օգտագործվող դրա մասերը չեն փոխում մարդու ԴՆԹ-ն կամ ինտեգրվում նրա գենոմի մեջ: Դա հաստատել է Cell Reports ամսագրում հրապարակված հետազոտությունը:
«ՌԻԱ Նովոստի»-ն պատմում է, որ որոշ վիրուսներ կարող են ներառվել մարդու գենոմային ԴՆԹ-ի մեջ: Դրանք թվում են, օրինակ, մարդու իմունային անբավարարության 1 (ՄԻԱՎ -1) վիրուսը եւ հեպատիտ В-ն: Որոշ գիտնականներ ենթադրել են, որ SARS-CoV-2 կորոնավիրուսն ունի այդ հատկությունը:
Այս ենթադրությունը ստուգելու համար Ավստրալիայի Քուինսլենդի համալսարանի կենսաբանները, Իսպանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ միասին, լաբորատոր հետազոտություն են անցկացրել SARS-CoV-2 վիրուսով վարակված մարդկային HEK293T բջիջների վրա:
HEK293T-ը մարդու սաղմնային երիկամից ստացված բջջային գիծ է: Այն լայնորեն կիրառվում է տարբեր գեների արտահայտման հետազոտություններում, այդ թվում՝ ՌՆԹ-ի միջամտության մեխանիզմների ուսումնասիրման փորձարկումներում:
Վարակված բջիջների ԴՆԹ հաջորդականությունը վերլուծելու համար հեղինակներն օգտագործել են Oxford Nanopore Technologies (ONT) խորը երկարաժամկետ հաջորդականացման տեխնոլոգիան: Արդյունքում նրանք SARS-CoV-2-ի՝ մարդկային բջիջների գենոմի մեջ ինտեգրման ոչ մի ապացույց չեն գտել: