Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող բախումները թեպետ սովորական երևույթ են աշխարհում ընդունված խորհրդարանական իրականության մեջ, բայց հաշվի առնելով հայաստանյան հետպատերազմյան լարված իրողությունը, «Հայաստան» դաշինքը, իմ կարծիքով, սխալ մարտավարություն է ընտրել։ Ընդդիմությունն առերևույթ որոշել է ընդօրինակել Նիկոլ Փաշինյանի պոպուլիստական քայլերը, բայց դա չի աշխատի, քանի որ Քոչարյանի քաղաքական թիմը չի կարող այնքան բնական խաղալ, ինչպես խաղում են ՔՊ-ականները։
Սեղաններին խփել, գոռգոռալ, խանգարել նիստերի ընթացքը, լարվածություն հրահրել։ Ես ձեր տեղը դա չէի անի, տղե՛րք։ Արատավորվում եք ժողովրդի աչքին։
Եթե ուզում եք հեղինակություն ունենալ, ցույց տվեք ձեր հայրենասիրությունը և քաղաքական հասունությունը, ոչ թե շոու սարքեք։ Հետևեք և տեսեք, թե ինչպես է վերաբերվում հանրությունը երկու օրվա խորհրդարանական հարայ-հրոցներին։ Ես ասեմ՝ շատ վատ, քանի որ տեսնում է պոպուլիստական դրսևորումներ։ Դա ձերը չի, միևնույն է, պարտվելու եք իշխանության էժանագին պուպուլիզմի առաջ։
Եթե ընդդիմությունն իրոք մտահոգ է պետականության խնդիրներով, ապա պետք է խորհրդարանական ամբիոնը առաջին իսկ օրից օգտագործի իր ծրագրերը հանրությանն ու աշխարհին ներկայացնելու և հետևողականորեն այդ ուղով գնալու համար։ Հակառակ դեպքում դուք մարդկանց համար լինելու եք իշխանության ձգտող հերթական քաղաքական կառույց։ Ապացուցեք, որ դա չեք։ Խոսեք փաստերով ու առանց վիրավորանքների։ Եթե դուք իջնեք այսօրվա իշխանությանը հատուկ մակարդակի, ապա վաղը կզրկվեք ձեր ստացած 270․000 ձայնից։ ԱԺ-ում շոու սարքելու փոխարեն խոսեք ժողովրդի հետ։ Մարդիկ սպասում են»։