Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է վարչապետ նշանակվելու առիթով և վերհաստատել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին: Բնականաբար եղել է անդրադարձ ռեգիոնալ իրավիճակին և այդ թվում հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը: Նիկոլ Փաշինյանը տեղեկատվություն է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ: Ահա այդ առնչությամբ, հեռախոսազրույցի մասին պաշտոնական տեղեկատվությունն ունի բավականին հետաքրքրական շարադրում. «Նախագահ Մակրոնը հույժ կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը: Համաձայնելով այս մտքին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատում ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որևէ կերպ խաչաձևվող գործընթացներ չեն»: Ձևակերպումը իսկապես արժանի է ուշադրության, քանի որ առնվազն առաջացնում է հարց՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և՞ս համաձայն է, որ սահմանագծումն ու սահմանազատումը չի կարող որևէ կերպ կապակցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, թե՞ այդուհանդերձ ունի որոշակիորեն այլ դիրքորոշում և հենց այդ պատճառով էլ առաջացել է Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքի անհրաժեշտությունը, Հայաստանի դիրքորոշումն ընդգծելու համար:

Այդ հարցադրման հիմքը միայն հեռախոսազրույցի մասին շարադրումը չէ, այլ նաև օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը, որտեղ երեք համանախագահները կոչ են անում կողմերին ուղիղ երկխոսություն սկսել համանախագահության ձևաչափի ներքո, իրենց, այսինքն կողմերի առաջնահերթությունների և օրակարգերի շրջանակում: Դա նշանակում է, որ Ֆրանսիան, որպես համանախագահ, նույնպես այդ դիրքորոշմանն է: Իհարկե, դա չի նշանակում օրակարգերի ուղիղ կապակցվածություն, սակայն խոսքն այստեղ կարող է լինել որոշակի ծուղակի մասին, որում կհայտնվի Հայաստանը, եթե անգամ առաջարկվող տարբերակով սկսի այսպես ասած քննարկումների գործընթաց:

Մյուս կողմից էլ բնականաբար հարց է առաջանում, թե ինչ այլ տարբերակ ունի Հայաստանը, եթե խոսքը ոչ թե Բաքվի, այլ համանախագահների դիրքորոշման մասին է: Այդ առնչութամբ հատկանշական է Նիկոլ Փաշինյանի արձանագրումը ՊՆ հրամկազմի հետ հանդիպմանը, երբ ներկայացնում էր նոր նախարար Արշակ Կարապետյանին: Փաշինյանը մեծագույն խնդիր է համարել զինուժի ռեֆորմացիայի արագ իրականացումը: Այլ կերպ ասած, մեծագույն խնդիր է զինուժի մարտունակության արագ վերականգնումը, որպես Հայաստանի ռազմա-քաղաքական դիմադրունակության հրամայական, որի վրա կարող է կառուցվել քաղաքական դիմադրունակությունը: Մյուս կողմից սակայն, քաղաքական օրակարգի հարցը միևնույն է շարունակում է լինել հրատապ, քանի որ անթույլատրելի է մի իրավիճակի ձևավորումը, երբ Հայաստանը մենակ է մնալու համանախագահների դեմ:

Նյութի աղբյուր՝ https://www.1in.am/2986160.html