«Հայոց աշխարհ»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս մակեյանը: Թերթի դիտարկմանը, թե ընդդիմադիր դաշտը դուրս է գալիս ամառային թմբիրից. Նախախորհրդարանը գնում է մարզեր, փորձում ուղղորդել քաղաքացիական շարժումները, «Ժառանգությունը» տոնական համերգ-հավաք է անցկացնում Ազատության հրապարակում, ՀԱԿ(Կ)-ը, ի դեմս Լևոն Զուրաբյանի, հայտ է ներկայացնում՝ առաջնորդելու սոցիալական ընդվզման ալիքը, Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը մտմտում են նոր կուսակցություն ստեղծելու գաղափարը... Ո՞ւմ շանսերն եք ավելի բարձր գնահատում գալիք աշնանային «մարտերում», Պ. Մակեյանը պատասխանել է. «Նախախորհրդարանի բանաձևը և գործելակերպն ընկալելի և ընդունելի է. նրանց պատկերացմամբ, պետք է դիմել կտրուկ գործողությունների: Այդ մոտեցումը գնահատում եմ նորմալ, բայց ճանապարհը, որ ընտրել են, բարդ է, արդյունքն էլ չգիտեմ՝ ինչ կլինի։ Քաղաքացիական անհնազանդությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ պետության համար, բերել քաղաքացիական պատերազմի։

Նիկոլի և Սասունի նախաձեռնությունը դրական եմ գնահատում՝ երկուսն էլ ճանապարհ անցած մարդիկ են։ Նիկոլը ավելի թարմ է՝ երիտասարդ է, և տա Աստված, որ այդ նախաձեռնությունը ստացվի։ Մեր կուսակցությունը մշտապես աջակցել է այն գործընթացներին, որոնք կարող են բերել երկրում նորմալ արժեհամակարգի ձևավորմանը, բայց, ինչքան հասկանում եմ, գործընթացները դեռ սաղմնային վիճակում են՝ եթե կլինի լուրջ գործընթաց, կքննարկենք և մեր դիրքորոշումը կներկայացնենք։

Լևոն Զուրաբյանի ասածը չեմ էլ ուզում մեկնաբանել։ 2008թ. փետրվարի 20-ից մինչև 2011թ. մայիս-հունիսը ՀԱԿ-ը հիմնական տանող ուժն էր: Հիմա, երբ այդ կառույցից մնացել է միայն անունը և դեկորը, խոսել բողոքի ալիքը առաջնորդելու մասին՝ ուղղակի անլուրջ է։ Կյանքը ցույց կտա, ինչ զարգացումներ կլինեն, որ ուժը ինչ կանի, իրեն ինչպես կդրսևորի»։