«Մենք գործ ունենք մի անձի հետ, որը 44-օրյա դավադիր պատերազմի առաջին իսկ օրվանից կանգնած է եղել սահմաններում, կանգնած է եղել Արցախում, հայրենիքի պաշտպանության առաջին գծում։ Եվ հիմա ստացվում է որ, հայրենիքի պաշտպանության առաջին գծում կանգնածը անազատության մեջ է, դավադիր պատերազմի մեջ բազմաթիվ դրվագներով մեղադրվողները՝ ազատության», Հայաստան դաշինքի կալանավորված պատգամավոր Մխիթար Զաքարյանի մասին ելույթում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար դաշնակցական Արծվիկ Մինասյանը:

Թեեւ հայ քաղաքական գործիչներն առանձնապես աչքի չեն ընկնում իրենց խոսքի ու գործածած եզրերի հանդեպ պատասխանատու վերաբերմունքով, այնուամենայնիվ պետք է ելնել այն կանխավարկածից, որ Արծվիկ Մինասյանը այդ գործիչների թվին չի պատկանում եւ գիտե իր ամեն մի բառի արժեքը: Ըստ այդմ, արժե ուշադրություն դարձնել «դավադիր պատերազմ» բառակապակցության վրա, որը Մինասյանը կրկնում է երկու անգամ, նկատի ունենալով իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին:

Խորհրդարան անցած անվանաբար ռուսանպաստ ուժերը նոյեմբերի 9-ից ի վեր Փաշինյանին մեղադրում են պատերազմը հրահրելու, ինչպես նաեւ Ալիեւի հետ սեպարատ պայմանավորվածությունների մեջ: Միեւնույն ժամանակ, «դավադիր պատերազմը» ենթադրում է նաեւ այլ սուբյեկտ կամ սուբյեկտներ, եւ այստեղ հարց է առաջանում՝ ո՞ւմ դեմ էր դավադիր պատերազմը՝ Երեւանն ու Բաքուն ընդդեմ Մոսկվայի՞, Երեւանն ու Մոսկվան ընդդեմ սեպարատ գործընկեր Բաքվի՞, բոլորը ընդդեմ հայ ժողովրդի՞:

Հարցն ակտուալ է մի շարք առումներով, նկատի ունենալով խորհրդարանում ընդդիմության գործունեության հայտարարված «պատերազմական հենքը», պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու քննիչ հանձնաժողովի ստեղծման իշխանական մտադրությունը, ինչպես նաեւ առաջիկա ռազմական գործողությունների հավանականության գիտակցությամբ:

Բոլոր դեպքերում, հասկանալի է, որ երկրորդ Արցախյանը մութ պատմություն է, որի զոհերը, բոլորն անխտիր, այդուհանդերձ աչքի առաջ ունեին մեկ բան՝ հայրենի հողի անառիկությունը: Այս ամենեւին ոչ միայն բարոյական, այլ ծայրահեղ հակասական եւ ծայրահեղ գործնական իրողության լույսի ներքո էլ հարկ է քննել արտասանված ամեն մի բառ՝ ռուս, թուրք, դավադիր եւ մնացածը:

Դրանց տակ շատ բան կա, եւ մեր պարտքն է դա ջրի երես հանել, որքան էլ զզվելի չլինի դիտել նոր տռզած եւ հինը դեռեւս չմարսած նոմենկլատուրաների գզվռտոցի տեսարանները: Սա է մեր քաղդասը, եւ այն պիտի ինքնաոչնչանա՝ պարարտ գետին թողնելով գալիքի համար: Բարի երթ, 8-րդ աննման, 8-րդ հպարտ եւ «մահապարտ», դու կատարելու ես քո մաքրազտիչ առաքելությունը՝ ուղին ճիշտ ես բռնել: Այլ սպասելիք փոքր բացառություններով դեսպան Կոպիրկինի ընտրությունից ունենալը մեծ լավատեսություն կլիներ:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/08/04/659441/